Արյունն ու սեքսը հանրային առաջին գրգռիչներն են․ Մեջլումյանը՝ Ենոքյանի ազատ արձակվելու հանրային կարծիքի մասին


Արյունն ու սեքսը հանրային առաջին գրգռիչներն են․ Մեջլումյանը՝ Ենոքյանի ազատ արձակվելու  հանրային կարծիքի մասին
Հունվար 11 17:37 2019

22 տարի առաջ տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու պահանջով հանդես եկողների թիվը գնալով  ավելանում է, ինչը առիթ է հանդիսացել համացանցում լայն քննարկումների։  Երեկ համացանցում հայտնվեց մի սարսափելի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են սպանված Իոսիֆ Աղաջանովի դին դուրս բերվում, և ցուցադրվում է մեղադրայլների բանավոր ցուցմունքները։ Որոշ ԶԼՄ-ներ նշում են, որ տեսանյութն իրենց տրամադրել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականը՝ Նարեկ Մալյանը։

Սկանդալի կիզակետում է հայտնվել նաև ի շահ Մհեր Ենոքյանի հանդես եկող Զարուհի Մեջլումյանը, ով  ներկայումս զբաղեցնում է ՊՎԾ մամուլի խոսնակի պաշտոնը։ Մհեր Ենոքյանի կանխատեսվելիք ազատ արձակումը շատերը կապում են հենց Զարուհի Մեջլումյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման հետ, որի շուրջ այսօր իր տեսակետը հայտնեց նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ասելով, որ հպարտանում է իր մամուլի խոսնակի աշխատանքով, և Մեջլումյանը չի կարող ծառայեցնել վարչական լծակներ, և, ըստ Սանասարյանի, այդ ապատետղեկատվությունը գալիս է իրեն հայտնի աղբյուրներից։ «Երբ ես խնդրեցի Զարուհի Մենջլումյանին անցնել աշխատանքի նա ինձ ասաց, որ կարող են նմանատիպ հարձակումներ լինեն, սակայն ես պաշտոնապես հայտարարում եմ, որ դա սուտ է և նացարձակ կեղծիք, եթե դա ապացուցվի ես հրաժարական կտամ ու կդադարեմ զբաղվել քաղաքականությամբ»,-հավելեց Դավիթ Սանասարյանը։

ArmDay.am-ը զրուցեց անձամբ Զարուհի Մեջլումյանի հետ, ով մանրամասն ներկայացրեց, ողջ եղելությունն ու նախապատմությունը։ Հարցին, թե որքանով է համապատասխանում լուրերն այն մասին, որ ի շահ Մհեր Ենոքյանի  փորձում օգտագործել վարչական ռեսուրսը, Մեջլումյանը պատասխանեց,-«Իրենք չէին գրել, որ ես փորձում եմ, իրենք գրել էին, որ դա այդպես է՝ որպես հաստատված փաստ։ Որևէ ապացույց թող ներկայացվի, և ինչի՞ մասին է խոսքը, երբ մենք նույնիսկ չգիտենք հանձնաժողովի եզրակացության մասին, ես և Մհերը փորձում ենք կռահել Միքայել Աղաջանյանի նամակից (հղում), և սա ինչպես կարող է լինել իմ միջամտության արդյունքը»։

Մեր զրուցակիցը նշեց, որ փաստացի խաղտվել է գաղտնիության ռեժիմը, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, և դա անօրինական ճնշում է գործընթացի վրա։

«Ես, լինելով լրագրող և հանրային կարծիքի մասնագետ, շատ լավ հասկանում եմ, որ արյունն ու սեքսը հանրային առաջին գրգռիչներն են, և չի ստացվի դրանով մանիպուլացնել հասարակությանն ընդդեմ փաստերի, նույնիսկ եթե 100 ապացույց լիներ, որ Մհերը սպանություն է իրականացրել նա ունի ներման իրավունք, ունի պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունք, այնպես, ինչպես ցանկացած դատապարտյալ»,- ասաց Զարուհի Մեջլումյանը։

Տեղեկացանք, որ Մհեր Ենոքյանը հետխորհրդային երկրներում միակ իրավաբանական կրթություն ստացած դատապարտյալն է։ Հարցին թե՞ ինչպես կմեկնաբանի Միքայլել Աղաջանովի հայտնի նամակը, խոսնակը պատասխանեց, որ իր կարծիքով այդ նամակի հեղինակը Միքայել Աղաջանովը չէ, քանի որ նա մտավորական մարդ է, ավելին՝ այդ նամակներով ոմանք փորձում են արատավորել վերջինիս համբավը։

ArmDay.am-ի հարցին, արդյո՞ք Մհեր Ենոքյանը կհայտնվի ազատության մեջ, Մեջլումյանը պատասխանեց«Մենք փորձում ենք իրավական բոլոր ճանապարհները, ես շուրջ 9 տարի զբաղվում եմ այս գործով։ Մհերն ունենալու է արդարացման դատավճիռ։ Ես զարմանում եմ, որ այս հնչեղ գործի շնորհիվ շատերը դիվիդենտներ են հավաքում»։

Հղում անելով Սանասարյանի հայտարարությանը՝ հետաքրքրվեցինք, թե որտեղի՞ց համոզմունքն այն մասին, որ նման մանիպուլատիվ քայլեր պետք է արվեն իր նկատմամբ, ինչին ի պատասխան՝ Զարուհի Մեջլումյանն ասաց,-«Այո ես ասել եմ նման բան, որովհետև 3 տարի առաջ, երբ ես Սողոմոն Քոչարյանի գործով հասա նրա ազատման, և դա առաջին դեպքն էր պատմության մեջ, որ ցմահ դատապարտյալը ազատ արձակվեց, ու նրա մահից հետո, սկսվեցին ինձ վրա հարձակումները։ Այս ամենն ինձ չներվեց, քանի որ բոլորն հասկանում էին, որ հաջորդը սկսելու եմ զբաղվել Մհեր Ենոքյանի գործով։ Ցույց տվե՛ք, ինձ մի դատապարտյալ, որ այսպես ինտենսիվությամբ վիճարկել է քրեական գործը»։

Կապված Նարեկ Մալյանի հետ՝ Մեջլումյանն ասաց, որ անգամ չի էլ ուզում իր շուրթերով արտաբերել իր անունը։ «Չեմ կարծում, որ որևէ տղամարդ կարող է էդպիսի մեթոդներ կիրառել։ Գուցե հոգեվերլուծաբանները զբաղվեն այս հարցո՞վ, թե ինչու՞ սիրելը և սիրվելն իր մոտ առաջացնում են այսպիսի վիճակներ։ Իմ անձնական կյանքը որևէ մեկի համար ոտքեր սրբելու վայր չէ»,- հավելեց նա։

Վաչիկ Գրիգորյան