«Խնդրում և հորդորում ենք ձեր իրավասության տակ գտնվող այս հարցին տալ արդարացի լուծում». Իոսիֆ Աղաջանովի ծնողների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին և Արմեն Սարգսյանին


«Խնդրում և հորդորում ենք ձեր իրավասության տակ գտնվող այս հարցին տալ արդարացի լուծում». Իոսիֆ Աղաջանովի ծնողների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին և Արմեն Սարգսյանին
Հունվար 10 16:17 2019

22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին.

«Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոնայք,

Մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովը օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013 թվականին)։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ,որ, Զարուհի Մեժլումյանը լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները ցանկալի արդյունքին հասնելու համար: Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինը արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդհամենը իր կողակցին տուն վերադարձնելու համար: Մենք խնդրում և հորդորում ենք ձեր իրավասության տակ գտնվող այս հարցին տալ արդարացի լուծում: Այդ լուծմանը հանգելու համար ձեզ կօգնի այն տեսանյութը, որը մենք այսօր ուղարկել ենք: Խնդրում ենք դիտել այդ տեսանյութը՝ չնայած նրան, որ այն դաժան եւ մարդկային ներաշխարհը տակնուվրա անող տեսանյութ է: Խնդրում ենք որոշում կայացնել Ձեր խղճի մտոք։

Հարգանքով`
Ծնողներ՝
Միխայիլ Աղաջանով
Նելլի Ահարոնովա
Քույր՝ Ելենա Աղաջանովա»: