Արցախի առողջապահության նախարարն այցելել է Շուշիում շմոլ գազից թունավորված երեխային


Արցախի առողջապահության նախարարն այցելել է Շուշիում շմոլ գազից թունավորված երեխային
Հունվար 10 19:08 2019

Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում` տեսակցել վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող երեխաներին և վերջերս Շուշիում շմոլ գազով թունավորված Նատալի Մուսայելյանին, հայտնում են ԱՀ ԱՆ լրատվական ծառայությունից:

Մասնագետները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության, օրգան-համակարգերի հետ կապված խնդիրներ չկան: Երեխայի հետ աշխատում է նաև հոգեբանը:

Այնուհետև նախարարը մանկական բուժմիավորումում հանդիպել է մանկապարտեզների ու դպրոցների բուժքույրերի հետ:

Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ օրական մշտադիտարկումը: Համաճարակաբանական իրավիճակը հանգիստ է և վերահսկելի:

Հաշվի առնելով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, դպրոցներում և մանկապարտեզներում հիվանդության հետագա տարածումը կանխելու համար նախարար Արայիկ Բաղրյանը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել «համաճարակային ֆիլտր»: