Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը երկու բողոք կներկայացնի Սահմանադրական դատարան


Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը երկու բողոք կներկայացնի Սահմանադրական դատարան
Հունվար 10 16:11 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր մեկնարկեց և անմիջապես ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդության վերաբերյալ նիստը, քանի որ դատավորն ինքնաբացարկ է հայտարարել։

 

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե որ դատավորին կմակագրվի միջնորդության քննությունը, և երբ այն տեղի կունենա։
Նա նաև տեղեկացրեց, որ վաղը ևս մեկ բողոքի մասով դիմելու են Սահմանադրական դատարան, մեկ բողոք էլ կներկայացվի առաջիկա օրերին։

«Վեճի առարկան հիմնականում օրենքի տարբեր դրույթների անհամապատասխանությունն է Սահմանադրությանը։ Այս պահին քննարկվում է 135 և 35 հոդվածների քրեական դատավարության համապատասխանությունը, ըստ որի՝ կալանքի կիրառման և պահպանման ձևակերպումների որոշակի կամ ոչ որոշակի լինելը, դրանց շրջանակներում անձեռնմխելիության ինստիտուտի ձևակերպման առկայությունը կամ բացակայությունը։

Բողոքը պատրաստ է, պարզապես հիմնական խնդիրը, որը քննարկվում է, այն է, որ ուզում ենք հասկանալ՝ արդյո՞ք այս փուլում այն պետք է ներկայացվի, թե՞ Վճռաբեկ դատարանի՝ երկրորդ անգամ քննության  արդյունքները սպասելուց հետո ներկայացվի, թե՞ ընդհանրապես չներկայացվի»,- նշեց փաստաբանը։

 

Ըստ նրա, երկրորդ բողոքը, որը պատրաստվում է՝ կապված է կալանքի ինստիտուտի ամբողջականության հետ, քանի որ ուսումնասիրելով օրենսդրական կարգավորումները, ենթադրում են, որ օրենսդիրն ի սկզբանե նպատակ է ունեցել կալանքի քննարկման հարցը սահմանափակել երկու ատյանով՝ Առաջին և Վերաքննիչ։

«Սակայն դատական պրակտիկան ցույց է տալիս, որ ունենք առնվազն 50 գործ, երբ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունում կալանքի հետ կապված բողոքներ և քննում է։

Արդյունքում՝ ստացվում է օրենսդրական բավականին մեծ բաց՝ կապված ժամկետների հետ։ Եթե կալանքի հարցով մենք ունենք Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարան, ապա նման կարգավորում չունենք Վճռաբեկ դատարանի մասով։ Արդյունքում ստացվում է այն անոմալ վիճակը, ինչ ունենք այժմ, երբ անձը որևէ կերպ չխոչընդոտելով վարույթը, չթաքնվելով, միևնույն է՝ ասում է, որ այդ հանգամանքին չի կարող ուշադրություն դարձնել»,- շեշտեց Ա. Օրբելյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ Սահմանադրական կարգը տապալելը։ Նա հուլիսին կալանավորվեց և օգոստոսի 13-ին ազատ արձակվեց Վերաքննիչ դատարանից։ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, ազատության մեջ երկար չմնաց, դեկտեմբերի 7-ին նա կրկին կալանավորվեց։

Զվարթ Խաչատրյան

168.am



loading...