Վլադիմիր Գասպարյանը դատավարական կարգավիճակ չունի. փաստաբան


Վլադիմիր Գասպարյանը դատավարական կարգավիճակ չունի. փաստաբան
Դեկտեմբեր 18 23:45 2018

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր փաստաբանի՝ Տիգրան Աթանեսյանի միջոցով է տեղեկացել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով հարուցված քրեական գործի մասին։

 NEWS.am–ի հետ զրույցում Տիգրան Աթանեսյանը նշեց, որ իր վստահորդը այս գործով որևէ դատավարական կարգավիճակ չունի, նրան չեն հրավիրել հարցաքննության և չեն տեղեկացրել քրեկան գործի մասին։

«Ես համացանցից եմ տեղեկացել ու Վլադիմիր Գասպարյանին հայտնել Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մասին»,– ասաց Աթանեսյանը՝ շեշտելով, որ  նախկին ոստիկանապետն առնչություն չունի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հետ։

Հիշեցնենք, որ այսօր  հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Ըստ  ՔԿ–ի ՝ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան՝ ոստիկանության նախկին պետը, իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խոստացել է միջամտել եւ օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղեւորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս ԱԺ ընտրություններում աջակցի ՀՀԿ-ին:

ՀՀ իրավապահ համակարգը ներկայացնող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը եւ ծառայողական պարտականությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներով ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։



loading...