Հրաժարական չեմ տալու․ Արարատի քաղաքապետը պատասխանում է ցուցարարներին


Հրաժարական չեմ տալու․ Արարատի քաղաքապետը պատասխանում է ցուցարարներին
Դեկտեմբեր 17 15:08 2018

Արդեն երկար ժամանակ է, ինչ Արարատ քաղաքում բողոքի ալիք է ծավալվել գործող քաղաքապետ Հայկ Հայկյանի դեմ, ով 2013թ․-ից սկսած պաշտոնավարում է ՀՀԿ-ի քվոտայով։ Մի խումբ քաղաքացիներ պնդում են, որ քաղաքի առաջ կան բազմաթիվ ծառացած խնդիրներ, որոնց լուծման համար Հայկյանը որևէ քայլ չի ձեռնարկում, և արդեն իսկ նախաձեռնել են ստորագրահավաք ընդդեմ քաղաքապետի, որի արդյունքում ունեն 2000-ից ավելի ստորագրություն։

ArmDay.am-ի հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանի կողմից առաջարկած տարբերակի համաձայն՝ քաղաքացիները չեն ներկայացրել 50+1 տոկոս ընտրողների ստորագրություն։

«Մեկ ամիս առաջ այդ մարդիկ եղել են իմ աշխատասենյակում, ես ընդունել եմ իրենց և բացատրել, որ այդ 10-15 հոգին չի կարող քաղաքի կարծիքը ներկայացնել։ Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, քանի որ հսկայական աշխատանքներ ունեմ դեռ կատարելու։ Ես առաջարկել եմ, որ գնան ստորագրահավաք անցկացնեն, և եթե 4000 ստորագրություն ներկայացնեն, ես հրաժարական կտամ»․-ասաց նա։

Հայկյանը պնդում է, որ ստորագրահավաքին մասնակցել են  ոչ միայն Արարատ քաղաքի բնակիչներն, այլև հարակից գյուղերի բնակիչները, և շատերին ներկայացվել է, որ ստորագրությունն այլ բանի համար է հավաքվում՝ մինչև անգամ հօգուտ քաղաքապետի, սակայն, այդքանով հանդերձ, Հայկյանի տեղեկություններով՝ հավաքվել է 500 ստորագրություն։

Մեր այն հարցին, արդյո՞ք տեսնում է որևէ քաղաքական ուղղորդվածություն իր հրաժարականի պահանջում, քաղաքապետն ասաց, որ չի տիրապետում նման տեղեկության, իսկ ցուցարարներին ճանաչում է վաղուց, քանի որ իրեն շատ են դիմել այս կամ այն խնդրով։

Հարցին, թե ի՞նչն է կիսատ արել, որը կարող էր առաջացնել քաղաքացիների դժգոհությունը, Հայկյանը պատասխանեց․-«Քաղաքապետարանն ամեն ինչ տեղը տեղին արել է։ 2014թ․-ից սկսված Արարատ քաղաքում հսկայական աշխատանք է տարվել։ Անհիմն փաստարկներ են ներկայացվում, և դրանց հակափաստարկներն առկա են փաստաթղթային ձևակերպումներով»։

Վաչիկ Գրիգորյան



loading...