Ընտրությունների արդյունքները ՍԴ–ում կարող են վիճարկվել մինչև դեկտեմբերի 21-ը․ ԿԸՀ


Ընտրությունների արդյունքները ՍԴ–ում կարող են վիճարկվել մինչև դեկտեմբերի 21-ը․ ԿԸՀ
Դեկտեմբեր 16 16:04 2018

ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում կարող են վիճարկվել մինչեւ դեկտեմբերի 21-ը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, տեղի ունեցած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Նշված ժամկետից հետո, եթե չի լինի բողոքարկում, ԿԸՀ–ն կկազմի արձանագրություն եւ կգրանցի պատգամավորներին։ ԿԸՀ–ն մինչեւ 21-ը որեւէ գործառույթ չի իրականացնի, որից հետո արդեն կիրականացնի ընտրական օրենսգրքով սահմանված կարեւորագույն գործառույթը՝ թեկնածուների գրանցումը, եւ  կիրականացնի վերջին գործառույթը՝ կհայտարարի ԱԺ առաջին նիստի օրը։ Քանի որ առաջին նիստի օրը հայտարարվում է ԱԺ կազմավորման օրվանից հետո»,– ասաց Տիգրան Մուկուչյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ ընտրություններին խորհրդարանում է հայտնվել 3 ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

«Իմ քայլը» դաշինքը ստացել է 88 մանդատ, ԲՀԿ–ն՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 18 մանդատ։