Ինչպես հասկանալ` գրի՞պ է, թե՞ սուր շնչառական վարակ


Ինչպես հասկանալ` գրի՞պ է, թե՞ սուր շնչառական վարակ
Դեկտեմբեր 16 18:44 2018

Իրականում, եթե քթից արտադրություն է գալիս, դա դեռևս չի նշանակում, որ մարդը հիվանդ է գրիպով: Դա կարող է լինել սուր շնչառական վարակ կամ "այսպես ասած" հարբուխ, որը պայմանավորված է շնչառական այլ վիրուսներով, բայց ոչ գրիպի վիրուսով: Հարբուխի առաջացմանը նպաստում են մրսածությունը, օդի խիստ փոշոտվածությունն ու աղտոտվածությունը:

Հիվանդության սկզբում քթի խոռոչում առաջանում է այրոցի և չորության զգացում: Մի քանի օր անց քթից սկսվում է առատ արտադրություն: Նման դեպքերում թեկուզ ընդհանուր վիճակը քիչ է փոխվում, սակայն առաջանում է ծանրության զգացում, նվազում է աշխատունակությունը, դժվարանում քթային շնչառությունը: Երբեմն, աչքի լորձաթաղանթի բորբոքման հետևանքով լինում է արցունքահոսություն, թուլանում է հոտառությունը և այլն: Հատկապես ծանր է ընթանում կրծքի երեխաների հարբուխը, քանի որ նրանց քթանցքերը շատ նեղ են:

Հիվանդության սկզբում, հետագա խորացումը կանխելու նպատակով, հարկավոր է քթանցքների մեջ կաթեցնել բժշկի նշանակած կաթիլները և խմել տաք թեյ` մեղրով կամ մուրաբայով: Շատ կարևոր է նաև քիթը ճիշտ մաքրելը, որպեսզի մանրէները միջին ականջ չթափանցեն: