Ֆրանսիայում ոստիկանությունը «դեղին անթև բաճկոնների» նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել


Ֆրանսիայում ոստիկանությունը «դեղին անթև բաճկոնների» նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել
Դեկտեմբեր 15 18:37 2018

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ֆրանսիայում բարձրացել է «դեղին անթև բաճկոններ» շարժման բողոքի ցույցերի հինգերորդ ալիքը: Ոստիկանները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել, հայտնում է rt.com-ը: Ավելի վաղը հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ փոխզիջումների մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց ցուցարարները որոշել են բողոքի նոր ալիք բարձրացնել: «Սա արդեն այն պահն է, երբ մենք չպետք է հանձնվենք: Պետք է շարունակենք: Մակրոնի հայտարարությունները բավարար չեն»,-ասել է «դեղին անթև բաճկոնների» առաջնորդներից մեկը՝ Էրիկ Դրուեն: Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից: