Ծեծկռտուքին մասնակցել է 300-ից ավելի քաղաքացի․ նոր մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցածից


Ծեծկռտուքին մասնակցել է 300-ից ավելի քաղաքացի․ նոր մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցածից
Դեկտեմբեր 15 17:10 2018

Armday.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր կեսօրին բողոքի հերթական ակցիան են կազմակերպել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները և Երևանից դեպի Էջմիածին ավտոերթ էին կազմակերպել։ Ավտոերթի մասնակիցները պահանջում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը, ինչի արդյունքում Էջմիածին քաղաքում հարյուրավոր քաղաքացիների միջև տեղի են ունեցել բախումներ։

ArmDay.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ «Գարեգի՛ն, հեռացի՛ր» վանկարկող մեքենաների ճանապարհը փակել են Մայր աթոռի մոտ հավաքված մարդիկ, ովքեր ձվեր, քարեր ու նմանատիպ այլ պարագաներ են շպրտել ցուցարարների ուղղությամբ, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։

Ինչպես հայտնում է մեր թղթակիցը ցուցարարների և քաղաքի բնակիչների միջև բացի Մայր աթոռի մուտքից, բախումներ են եղել նաև Վաղարշապատի թիվ 3 միջնակարգ դպրոցի հարևանությամբ, որտեղ ցուցարարները բացի ձվերից ու կոշտ պարագաներից, միմյանց վրա են նետել նաև հակասանիտարական բնույթի առարկաներ, ինչից հետո այդ տարածքում գարշահոտ է տիրել։ Մեզ պարզ դարձավ նաև, որ այդ բախումները կրել են կազմակերպված բնույթ, քանի որ դեռ երկու օր առաջ նախաձեռնության անդամները բողոքի ակցիայի վայրի և ժամի վերաբերյալ հայտարարություն էին տարածել, և դա եղել պատճառը, որ ցուցարարներին քաղաքում դիմավորել են նախապես հավաքված խմբերով։

Հարկ է նշել, որ բախումների սկսվելուն պես Էջմիածնի ոստիկանության բաժնի աշխատակիցները հասել են դեպքի վայր, ինչից հետո կրքերը հանդարտվել են։ Մեր տեղեկություններով բախումներին մասնակցել է ավելի քան 300 մարդ, և արդեն իսկ կան բերման ենթարկվածներ։