«Ժամանակ». Բակո Սահակյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, հավանաբար, կհետևեն Արցախում պաշտոնանկությունները


«Ժամանակ». Բակո Սահակյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, հավանաբար, կհետևեն Արցախում պաշտոնանկությունները
Դեկտեմբեր 14 06:22 2018

«Երեկ Երևան էր այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ պաշ­տոնական հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են ՀՀ ու ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությա­նը, ԼՂՀ և ՀՀ 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Բակո Սահակյանի՝ Երևան գալու և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պատճառներն իրականում այլ են: Ինչպես հիշում եք, ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ըն­թացքում Արցախի պաշտոնյաների և ՀՀ վարչապետ Փաշինյանի միջև մի քանի անգամ խոսքերի «փոխհրաձգություն» եղավ: 

Արցախցի պաշտոնյաները կոշտ մեկնաբանություններ էին արել սկզբում Սասուն Միքայելյանի, հետո Նիկոլ Փաշինյանի հայտարա­րությունների վերաբերյալ՝ առանց դրանց բովանդակությանն ամբողջությամբ ծանոթանալու, այլ բավարարվելով միայն խոսքերի՝ կոնտեքստից կտրված հատվածներով, որ շատ կայքեր որպես վերնագիր էին դրել: 

Փաշինյանը երկու դեպքում էլ պատասխանեց, ընդ որում՝ երկրորդ անգամ հորդորելով անձամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանին կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև լարվածությունն անհանգստացրել է Արցախի իշխանության շատ ներկայացուցիչների, և Ստեփանակերտում օրեր շարունակ քննարկումներ են ծավալվել՝ փոր­ձելով իրավիճակը մեղմելու ելքեր գտնել: 

Ընդ որում՝ Արցախի իշխանության մեջ էլ կարծիքները միատեսակ չեն եղել, մի մասն ասել է, թե հաշտության առաջին քայլը ՀՀ-ն պետք է անի, բայց շատերը պնդել են, որ Հայաստանն իրենց մեծ եղբայրն է, հակադր­վելու իրավունք չունեն, առավել ևս՝ իրենք են սխալ եղել ինչպես մարդկային, այնպես էլ իրավական տեսանկյունից, հետևաբար պետք է ներողություն խնդրել ու հաշտվել:Նաև որոշվել է, որ դա կարող է անել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ում էլ գործուղել են Երևան: Իսկ այս հանդիպմանը հնարավոր է՝ Արցախում հաջորդի պաշտոնանկությունների շարք»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում