Սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված հեքըթոնի շնորհիվ կմշակվեն խնդրի լուծմանը նպաստող տեխնոլոգիական լուծումներ


Սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված հեքըթոնի շնորհիվ կմշակվեն խնդրի լուծմանը նպաստող տեխնոլոգիական լուծումներ
Դեկտեմբեր 13 18:07 2018

Սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված «Geeks Against Gender-Based Violence (GBV)» հեքըթոնի շնորհիվ հնարավոր կլինի տեխնոլոգիական լուծումների միջոցով ի հայտ բերել նոր լուծումներ, գաղափարներ, որոնք կարող են տարբեր խնդիրներին տարբեր լուծումներ տալ։Հեքըթոնը կկայանա դեկտեմբերի 15-16-ը Երևանում:

Այն կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնի կողմից՝ Համաշխարհային բանկի խմբի և Սեռական բռնությունների հետազոտական նախաձեռնության աջակցությամբ։

Համաշխարհային բանկի  հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսուտրոն լրագրողների հետ զրույցում նշեց, որ նորարարության զարգացման այս շուկայական հարթակը տարեկան մրցույթ է:

«Այն իրականացվում է հետազոտողների և թիմերի համար, որպեսզի կարողանան նորարարական լուծումներ գտնել, որոնք օգնում են անհատներին, համայնքներին, ազգություններին, պետություններին հաղթահարել սեռով պայմանավորված բռնությունը»,- նշեց Սիլվի Բոսուտրոն:

Նրա խոսքով՝ այս տարի 250 հայտից  հաղթող է ընտրվել 11-ը, որոնք  ներկայացրել էին ողջ  աշխարհից հետազոտական հաստատությունները, ընկերությունները, հասարակական կազմակերպությունները։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի միակ հաղթողը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրման էր։  Այդ մրցանակը տրվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին, որի միջոցով կստեղծվեն տարբեր  բջջային հավելվածներ, որոնք կարող են իրական ժամանակում փորձագիտական տեղեկատվության աջակցության տրամադրմամբ օժանդակել կանանց, օգնել հավաքել անհրաժեշտ տվյալներ:

Սիլվի Բոսուտրոն ընդգծեց, որ սեռով պայմանավորված բռնությունը համաշխարհային խնդիր է, չի ճանաչում սոցիալական, տնտեսական, ազգային սահմաններ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  (ԱՀԿ) գնահատականներով, ամբողջ մոլորակի կանանց 1/3-ն իր կյանքի ընթացքում ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում։

«Սեռով պայմանավորված բռնությունը կարելի է կանխել։ Տարբեր հետազոտական թիմերը կարող են տարբեր ծրագրերի միջոցով նպաստել սեռով պայմանավորված բռնությունը չհանդուրժող  հասարակությունների ձևավորմանը»,- ասաց Համաշխարհային բանկի  հայաստանյան գրասենյակի ղեկավարը։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ նմանատիպ լուծումները պահանջված են ողջ աշխարհում: Անդրադառնալով առաջիկա հեքըթոնին, նա ասաց, որ այն տևելու է 24 ժամ, նպատակն է համադրել տեխնոլոգիական և փորձագիտական համայնքների ուժերը և կարողանալ ի հայտ բերել նոր լուծումներ, գաղափարներ, որոնք կարող են տարբեր խնդիրներին տարբեր լուծումներ տալ։

Նախատեսված է հինգ մրցանակ տարբեր ուղղություններով, ամեն ուղղության հաղթողին կտրվի 1 միլիոն դրամ մրցանակ։