ՀՀ-ում անվտանգ է ինչպես քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար. Ոստիկանության պարզաբանումը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության առնչությամբ


ՀՀ-ում անվտանգ է ինչպես քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար. Ոստիկանության պարզաբանումը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության առնչությամբ
Դեկտեմբեր 13 11:34 2018

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը զգուշության կոչ է արել տոնական օրերին մեր երկիր այցելող իր քաղաքացիներին: ՀՀ ոստիկանությունը հարցի առնչությամբ հաղորդագրություն է տարածել:

«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակը անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար և գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո:

Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվտանգ են գնահատել Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը, և ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները և անում են ամեն ինչ` այդ գնահատականը հաստատելու ու հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար, իսկ հատկապես տոնական օրերին ոստիկանությունը պարտադիր անցնում է ուժեղացված ծառայության»,-ասված է ոստիկանության պարզաբանման տեքստում:

Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հետևյալ հայտարարությունն էր տարածել. «Տոնական օրերին ընդառաջ Երևանում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին զգոնություն դրսևորելու մասին, քանի որ Հայաստանում կարող է աճել հանցագործությունների հավանականությունը, ինչպես օրինակ՝ գողության, գրպանահատության, բնակարանային կողոպուտի: Տոնական օրերին վտանգ կա նաև անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների և անհատների գործողությունների առումով, որոնք առաջնորդվում են Եվրոպայում տարածված ծայրահեղական գաղափարախոսությամբ»: