«Մռութներ ջան, վաղը նորմալ կգաք գործի»


«Մռութներ ջան, վաղը նորմալ կգաք գործի»
Դեկտեմբեր 12 17:38 2018

«Մռութներ ջան, վաղը նորմալ կգաք դասի: Խնդրում եմ որևէ մեկը փորձ չանի ապօրինի ձևով դպրոցի աշխատանքները խոչընդոտել»: Այսպես դիմել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Չարենցավան քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտներին, ովքեր տասը օր է դասադուլ են անում։

Հիշեցնենք, որ ծնողներն ու աշակերտները պահանջում են, որ դպրոցը ղեկավարի նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանը: Դպրոցի տնօրենի ընտրության մրցույթի արդյունքում Լուսինե Կարապետյանը չի վերընտրվել, մրցույթում հաղթել է մեկ այլ դպրոցի ուսուցչուհի Աննա Բալյանը, որի դեմ էլ ակցիաներ են անում դպրոցի ծնողներն ու աշակերտները:

Այս խնդիրն առկա է արդեն տասը օր։ Դպրոցում ստեղծված իրավիճակին ծանոթ է ինչպես Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, այնպես էլ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։  Աշակերտներն ու ծնողները բարձրաձայնում են այն մասին, որ Աննա Բալյանը նշանակվել է տնօրենի պաշտոնում, որովհետեւ վայելում է  գործող մարզպետի հովանավորչությունը։

Ֆեյսբուքի իր էջում խնդրի հետ կապված գրառում է կատարել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը «Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշվել է վերջնական հանգուցալուծմանը գալ առաջիկա շաբաթասկզբին (օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում), երբ վարչապետն անձամբ կայցելի դպրոց և հանդիպում կունենա բոլոր շրջանակները ներկայացնող մանկավարժների և ծնողների հետ, որպեսզի հանգուցալուծումը լինի առավելագույնս օբյեկտիվ, բայց բոլոր դեպքերում. բացառապես օրենքի գերակայության պահանջներին խիստ համապատասխան: Մինչ այդ ևս մեկ անգամ խնդրում եմ ծնողներին և մանկավարժներին՝ չխախտել երեխաների կրթության իրավունքը և զերծ մնալ դասապրոցեսը բոյկոտելուց, իսկ բոլոր քաղաքական ուժերին և տարածաշրջանը ներկայացնող քաղաքական գործիչներին կոչ եմ անում այս գործընթացում չփորձել երեխաների կրթության իրավունքի շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ շահել. սա բացառապես հանրակրթական ոլորտի առողջացմանը միտված իրավական գործընթաց է: Իրավական երկրում բոլոր հարցերը լուծելի են բացառապես օրենքով սահմանված նորմերի կիրարկմամբ՝ զերծ հույզերից, կանխակալ մոտեցումներից և խմբակային շահերից»,- գրել է մարզպետը։

Այն, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղում չէ, եւ նրանից մարզում բազմաթիվ դժգոհություններ կան մեկ անգամ չէ, որ մամուլում բարձրաձայնվել է։ Խնդրի էությունը երկու կարեւոր նրբությունում է թաքնված։ Նախ, որ մարզպետը կիրառում է արատավոր այն բարքերը, որոնք կիրառվել են նախկին իշխանությունների կողմից, եւ երկրորդ՝ մարզպետն ու ԿԳ նախարարը ունակ չեն լուծելու անգամ մեկ դպրոցում ստեղծված խնդիր։ Իսկ սա այն պարագայում, երբ Պետրոսյանին ու Հարությունյանին վստահվել է առանցքային պաշտոններ։ Չարենցավանի դպրոցից վերադառնալուց առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին չէր խանգարի նաեւ կոչով դիմել իր կաբինետի անդամներին՝ Ռոմանոս Պետրոսյանին եւ Արայիկ Հարությունյանին«Մռութներ ջան, վաղը նորմալ կգաք գործի»։  Իսկ մինչ այդ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է աշխատել իր թիմակիցների փոխարեն։