Զինծառայողները բաց նամակ են հղել Փաշինյանին՝ իրենց ծառայակից ընկերոջ մորը ներում շնորհելու խնդրանքով


Զինծառայողները բաց նամակ են հղել Փաշինյանին՝ իրենց ծառայակից ընկերոջ մորը ներում շնորհելու խնդրանքով
Դեկտեմբեր 12 11:52 2018

Մի խումբ զինծառայողներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ իրենց ծառայակից ընկերոջ մորը՝ Հասմիկ Սարգսյանին ներում շնորհելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ Հասմիկ Սարգսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ գողություն կատարելու մեղադրանքով:

 

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Փաշինյան,

Ձեզ են գրում մի խումբ զինծառայողներ, ովքեր խիստ մտահոգված են իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտությամբ։ Վերջինիս մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին։ Այժմ նրան սպառնում է 5 տարի ազատազրկում։ Առանց խորանալու գործի իրավական կողմի մանրամասների մեջ՝ պարզապես մեր կարծիքն ենք արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մենք անգամ չենք պատկերացնում, որ մեկ ամսից զորացրվող մեր ընկերը կարող է գնալ տուն ու չտեսնել տանը ոչ իր մորը, ոչ էլ անչափահաս քույրերին։ Ավելին՝ նա կարող է անգամ վերադառնալու տուն էլ չունենալ, քանի որ ընտանիքը չունի սեփական բնակարան, վարձով են ապրում, և մոր կալանավորվելուց հետո այդ տնից երեխաներին դուրս կհանեն, քանի որ չկա որևէ մեկը, ով կհոգա տան վարձի ծախսերը։

 

Պարոն Փաշինյան, պարզապես խնդրում ենք Ձեզ, ներում շնորհեք մեր զինակցի մորը, բարեգթություն ու մարդասիրություն դրսևորեք։ Պարզապես հասկացեք, որ Հասմիկ Սարգսյանը ստիպված է եղել հանցավոր քայլի դիմել իր երեխաներին սովից փրկելու համար։ Նա այդ երեխաներին փրկել է նաև հանուն մեր երկրի, նաև այդ քայլի շնորհիվ է, որ մենք հրաշալի ծառայակից ընկեր ունենք մեր կողքին։

Հասմիկ Սարգսյանին պատժելով՝ մեր պետությունը արդարադատություն չի իրականացնի, այլ պարզապես կվերացնի առանց այդ էլ լուրջ դժվարություններ տեսած ու զրկանքներ կրած այս ընտանիքը։

Ակնկալում ենք անձամբ Ձեր միջամտությունը»:



loading...