Նոր խորհրդարանում հնարավոր է լինի 133 պատգամավոր


Նոր խորհրդարանում հնարավոր է լինի 133 պատգամավոր
Դեկտեմբեր 12 11:19 2018

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են, ու թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնականապես չի ամփոփել ընտրությունների արդյունքները, այդուհանդերձ, մեծ է գայթակղությունը հաշվարկելու, թե մոտավորապես ինչ կազմ կունենա նոր խորհրդարանն ու Ազգային ժողով անցած ուժերից որին քանի մանդատ բաժին կհասնի: SHANTNEWS.am-ը ներկայացրել է իր նախնական հաշվարկները:

Ընտրական օրենսգրքով մանդատների բաշխումը կատարվում է հետևյալ կերպ՝ կուսակցությունների կամ դաշինքների ստացած ձայների թիվը, ոչ թե տոկոսները, բազմապատկվում է ԱԺ-ի մանդատների նվազագույն թվով՝ 101-ով և բաժանվում խորհրդարան անցած քաղաքական ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարին, այսինքն՝ բաժանվում է «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին կողմ քվեարկածների հանրագումարին:
Խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերից՝

«Իմ քայլը» դաշինքը, նախնական տվյալներով, ստացել է – 884․456 (70,43%) ձայն
«Բարգավաճ Հայաստանը»՝ 103․824 (8,27%) ձայն
«Լուսավոր Հայաստանը»՝ 80․024 (6,37%) ձայն

Ըստ այդմ՝ խորհրդարան անցած ուժերին կողմ քվեարկած ձայների հանրագումարը ստացվում է 1.068.304: Համաձայն վերը նշված բանաձևի՝ «Իմ քայլը» դաշինքին հասանելիք մանդատների թիվը պարզելու համար դաշինքին կողմ քվեարկած ընտրողների թիվը՝ 884.456-ը, պետք է բազմապատկել 101-ով և բաժանել խորհրդարան անցած ուժերին կողմ քվեարկածների հանրագումարին՝ 1.068.304: Այդ գործողությունից հետո ստացվում է 83,6 թիվը, որը համարժեք է 84 մանդատի:

Նույն բանաձևով հաշվարկելով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում ստացվում է 103․824×101:1.068.304=9,81, որը համարժեք է 10 մանդատի:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության դեպքում ստացվում է 80․024×101:1.068.304=7,56 կամ 7 մանդատ:

Այս ամենին ավելանում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տրամադրվող 4 մանդատները: Խորհրդարանական ընտրություններում արձանագրած ցուցանիշների արդյունքում ազգային փոքրամասնություններին հասանելիք մանդատներն այս դեպքում բաժին կհասնեն միայն «Իմ քայլը» դաշինքին։

Արդյունքում ստացվում է, որ «Իմ քայլը» դաշինքը 105 պատգամավորական տեղերից կունենա 88 մանդատ, որը կազմում է մանդատների 83,8 տոկոսը։ Այս դեպքում աշխատում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մեկ այլ պահանջը, համաձայն որի՝ եթե որևէ ուժ ընտրության արդյունքով ստանում է մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա մյուս ուժերը ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որի արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի 1/3-ից ոչ պակաս:

Համաձայն օրենքի այդ պահանջի՝ ընտրական շեմը հաղթահարած «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»կուսակցությունները խորհրդարանական ընդդիմության մեկ երրորդը ապահովվելու համար կստանան լրացուցիչ 28 մանդատ:

Յուրաքանչյուր կուսակցությանը հասանելիք լրացուցիչ մանդատների թիվը որոշվում է հետևյալ կերպ. այդ կուսակցության ստացած մանդատների թիվը բազմապատկվում է լրացուցիչ մանդատների թվով, ստացված թիվը բաժանվում է լրացուցիչ մանդատներ ստացող կուսակցությունների՝ մինչև լրացուցիչ մանդատներ տալը ստացված մանդատների ընդհանուր թվի վրա:
Տվյալ բանաձևը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում կունենա հետևյալ տեսքը՝ 10×28:17=16,4, ինչի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կստանա լրացուցիչ 16 մանդատ:

«Լուսավոր Հայաստանի» դեպքում կստացվի՝ 7×28:17=11,5 ցուցանիշը, ինչի արդյունքում կուսակցությունը կստանա 12 լրացուցիչ մանդատ:
Արդյունքում՝ նոր խորհրդարանում, ըստ նախնական հաշվարկների.
«Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26 մանդատ
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 19 մանդատ

Ըստ այդմ՝ 7-րդ գումարման խորհրդարանը կունենա 133 պատգամավոր, որը 28-ով ավելի է 6-րդ գումարման խորհրդարանի կազմից:

Ի դեպ, պատգամավորի աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, այսինքն՝ ստացվում է, որ նոր խորհրդարանը ամսական կտրվածքով առնվազն 18,5 միլիոն դրամով ավելի թանկ կարժենա պետբյուջեի վրա, քան նախորդ ԱԺ-ի ժամանակ:
Ինչ վերաբերում է մանդատների բաշխմանը, ըստ համամասնական և տարածքային ցուցակների, ապա այստեղ էլ բարդ հաշվարկային մեխանիզմ է գործում ու հաշվարկը տարվում է այսպես կոչված Դոնթի բանաձևով: Այդ տվյալները հնարավոր է հաշվել միայն քվեարկության վերջնական արդյունքների հրապարակումից հետո:

Նշենք, որ համամասնական և ռեյտինգային ցուցակների միջև մանդատների բաշխման «Ընտրական օրենսգրքի» պահանջը  հետևյալն է. եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը զույգ է, ապա մանդատների թվի 50 տոկոսին հավասար թվով մանդատներ տրվում են կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին:

Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը կենտ է, ապա մանդատների թվի 50 տոկոսի ամբողջ մասին հավասար թվով մանդատները բաշխվում են ընտրական տարածքների միջև: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների մնացած մասը տրվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին: