30 տարի անց. աղետ, որի հետեւանքները մինչ օրս վերացված չեն


30 տարի անց. աղետ, որի հետեւանքները մինչ օրս վերացված չեն
Դեկտեմբեր 6 23:49 2018

1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 11:41-ին ամբողջ Հայաստանը ցնցեց ահավոր երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում: Երկրաշարժը, որի ուժգնությունը էպիկենտրոնում գերազանցել է 10 բալը, իսկ օջախի խորությունը մոտ 12 կմ էր, ուժեղագույնն էր ՀՀ տարածքում երբևիցե տեղի ունեցած երկրաշարժերից: Աղետը վայրկյանների ընթացքում հիմնահատակ կործանեց Սպիտակը, ավերեց Գյումրին, Վանաձորը և Ստեփանավանը, մեծ վնասներ հասցրեց Դիլիջանին, Իջևանին, Ալավերդուն, Արթիկին, Ախուրյանին և այլ քաղաքների ու ավանների, ավերեց ավելի քան 350 գյուղ:

Պաշտոնական տվյալներով աղետի զոհ դարձավ շուրջ 25 հզր. մարդ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ն.Ռիժկովի ղեկավարությամբ։ ԽՍՀՄ ղեկավար Մ. Գորբաչովը դադարեցրեց իր պաշտոնական այցը ԱՄՆ-ում և ժամանեց Հայաստան։

Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և ապա շինարարական աշխատանքներ կատարել։ Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանցից շատերը՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին Հայաստանում և անմիջականորեն մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ Իտալացիները մի ամբողջ բնակելի թաղամաս կառուցեցին Սպիտակում, նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոց, որը կրում է մեծ հայասեր Ֆ. Նանսենի անունը։ Թաղամաս են կառուցել ավստրիացիները։

Գյումրիում շահագործման հանձնվեց անգլիացիների կառուցած դպրոցը, որի բացմանը մասնակցեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը և այլն։ Տարիներ տեւած շինարարական աշխատանքներից հետո, նաեւ հետագա տասնամյակների ընթացքում իշխանությունների կողմից տրված խոստումներից եւ կատարված մասնակի աշխատանքներից հետո, ցավոք, մինչ օրս վերացված չեն 88-ի աղետի հետեւանքները, լուծված չէ անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը, իսկ ժանգոտված, կիսաքանդ տնակները թարմացնում են գյումրեցիների, սպիտակցիների, վանաձորցիների դառը հիշողությունը: Երեք տասնամյակ կիսաքանդ տնակներում սերունդներ են մեծացել, լսելով միայն խոստումներ։

Հայաստանի փոփոխվող իշխանությունների, կառավարության ղեկավարների՝ Գյումրին վերհառնելու խոստումները իրականություն այդպես էլ չեն դարձել։ Կենտրոնական իշխանությունները, յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 7-ին այցելում են Գյումրի, ծաղիկներ խոնարհում ավերիչ երկրաշարժի զոհերի հուշակոթողին, հպարտ կեցվածքով նայում գյումրեցու աչքերին եւ հերթական խոստումը տալիս, հաջորդ տարի՝ Գյումրիում այլեւս անօթեւաններ չեն լինելու։ Այդ խոստումները թարմ են բոլորի հիշողություններում, այնպես, ինչպես 88-ի չմորմոքվող վերքը։ 30 տարի անց էլ, իշխանություններին չհաջողվեց հաղթահարել 88-ի աղետի սոցիալական ու տնտեսական ծանր հետեւանքները:

Վաղուց ժամանակն է իրական քայլ անելը երկրաշարժի զոհերի հիշատակի հարգանքին մատուցված ամենաարժեքավոր տուրքը պետք է լինի վերհառնող Գյումրին ու Սպիտակը։ Ուժեղ, պայքարող ու թասիբով գյումրեցուն դուք, իշխանականերդ այլեւս ստել չեք կարող։ 88-ի ավերիչ երկրաշարժի չքաղված դասերը, կիսաքանդ շենքերն ու խոնավ տնակներում մեծացող սերունդը այս ամոթը ձեզ չի ների։



loading...