Նիկոլ Փաշինյանը կառավարութան օրակարգային ամենակարևոր հարցերից մեկն է համարում դատական համակարգի բարեփոխումները


Նիկոլ Փաշինյանը կառավարութան օրակարգային ամենակարևոր հարցերից մեկն է համարում դատական համակարգի բարեփոխումները
Դեկտեմբեր 6 17:36 2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի պտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով արդարադատութան ոլորտի խնդիրների մասին, ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները կառավարութան  օրակարգային ամենակարևոր հարցերից մեկն է, որովհետև այն ձևավորվել է բոլորին հայտնի միջավայրում և պայմաններում: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն սկսել է և առաջիկայում էլ կշարունակի Հայաստանի հետ կապված խայտառակ դատավճիռների հրապարակումը, որոնք ի ցույց կդնեն Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայությունը: Մենք պետք է իրական երաշխիքներ ստեղծենք դատարանների անկախ գործունեության համար: Այսօր ՀՀ քննչական մարմիններն իրենց գործունեության մեջ ազատ են առավել քան երբևէ, եթե նկատի ունենք ավանդական ազդեցության միջոցները կառավարությունից դեպի դատական համակարգ: Բայց ես համոզված չեմ, որ նույն գաղտնալսողները չեն պահպանել իրենց ազդեցությունը համակարգի վրա, և ընտրություններից հետո իրական փոփոխություններ պետք է իրականացնեք: Կա գաղափար` փորձել Հայաստանում հիմնադրել միջազգային արբիտրաժային կանոններով գործող արբիտրաժ, աշխարհում կա այդպիսի պրակտիկա: Երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, բոլորս հասկանում ենք, որ դա անհրաժեշտ է, չպետք  է թույլ տանք, որ որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրումների ճանապարհը փակի: Ուստի չպետք է վախենանք գնալ հեղափոխական լուծումների, որպեսզի Հայաստանը ներդրումների համար դառնա առավել նպաստավոր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է  Փաշինյանը:  

 

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հատկապես հայ ներդրողներն այսօր առանձնակի ակտիվություն և հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ: «Մենք դրանում շահագրգռված ենք, մեր կառավարությունը ոչ մի բիզնես շահ չունի, ինչը հնարավորություն է տալիս և բացառիկ շանս է ստեղծում, որպեսզի իսկապես ներդրումների համար ստեղծենք հավասար պայմաններ: Բացառիկ է, երբ քաղաքական իշխանությունն ընդհանրապես չունի բիզնես շահ: Եթե ինչ-որ պահի մեր կառավարությունում ի հայտ գա նման բան` խոստանում եմ այն վերացնել անմիջապես»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

 

Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին հարցին: «Այդ պաշտոնը մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ պարտավորությունների հետ կապված գոյություն ունեցող խնդիրների մասին: Մենք ուզում ենք ստանալ հստակ պատասխաններ: Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել մեր դաշնակցային պարտավորությունները որևէ կետում չկատարելու մեջ: Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապացուցել է հավատարիմ դաշնակից լինելու փաստը: Ցավոք, սա չենք կարող ասել ՀԱՊԿ մեր բոլոր գործընկերների մասին, ուստի ասում ենք` եկեք պարզենք մեր հարաբերությունները՝ մենք դաշնակիցնե՞ր ենք, թե` ոչ, եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է կատարենք մեր բոլոր պարտավորությունները, բայց մեզ համար հասկանալի չեն այն գործողությունները, որոնք իրենց էությամբ հակասում են այդ պարտավորություններին: Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ: Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ լուրջ հարցեր կան ԼՂ-ի հետ կապված ՀԱՊԿ երկրների տեսլականի շուրջ այն ուղղությամբ, թե դա որքանով է բխում ռազմավարական գործընկերության բնույթից: Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ մենք որպես ժողովուրդ պետք է մեր միջավայրը հասկանանք: «Երբ այս հարցերի համատեքստում հարաբերությունները հստակեցնենք, կարող եմ երաշխավորել, որ երբևէ մեր հարաբերություններում որևէ կնճիռ չի լինի: Մեզ պետք չեն ֆորմալ կարգավիճակներ, մեզ պետք են փոխադարձ պարտավորություններ և դրանց լիարժեք իրականացում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը: