Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման համար շարունակական քայլերի ձեռնարկումը


Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման համար շարունակական քայլերի ձեռնարկումը
Դեկտեմբեր 6 17:04 2018

Աշխատանքային այցով Միլանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին  մասնակցել է ԵԱՀԿ   նախարարական համաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Ինչպես  տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից, Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում կարևորել է կառույցի արդյունավետության բարձրացման համար շարունակական քայլերի ձեռնարկումը՝ ուղղված դաշնակցային համերաշխության սկզբունքների վրա հիմնված համագործակցության հետագա զարգացմանը:

Այդ առնչությամբ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը բարձր է գնահատել ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումների այս ձևաչափը, ինչը ևս մեկ հնարավորություն է անդրադառնալու կառույցի առջև ծառացած խնդիրներին, քննարկելու միջազգային հարթակներում անդամ-պետությունների արտաքին քաղաքականության համադրման հարցեր: