Ամոթ է, որ աղետի գոտում մարդիկ դեռևս ապրում են տնակներում. Արթուր Բաղդասարյան


Ամոթ է, որ աղետի գոտում մարդիկ դեռևս ապրում են տնակներում. Արթուր Բաղդասարյան
Դեկտեմբեր 6 16:56 2018

«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին քարոզարշավի շրջանակում այցելել է Շիրակի մարզ: Նա իր հարգանքի տուրքը մատուցեց և ծաղիկներ դրեց 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Իր ելույթում Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ամոթ են համարում, որ այսօր աղետի գոտում մարդիկ դեռևս ապրում են տնակներում: «Սա անընդունելի իրողություն պետք է լինի, և Գյումրու աղետի գոտու խնդիրների նկատմամբ պետական հոգածություն է պետք»,-ասաց նա:

ՕԵԿ առաջնորդը նշեց, որ այս հրաշալի հեղափոխությունը տվել է հնարավորություն երկիրը առաջ տանելու, բայց մենք պետք է գիտակցենք, որ երկիրը կարող են առաջ տանել փորձված գրագետ ուժերը և ոչ թե մարդիկ ովքեր լինելով Ազգային ժողովում` 30 տարի խուլ ու համր են եղել ազգի խնդիրների հետ կապված: «Մենք կարևոր ենք համարում, որ մեր ծրագրերը դարձնենք իրականություն, մենք առաջարկում ենք մրցունակ սոցիալ-տնտեսական ծրագիր, Հայաստանը պետք է կարողանա դառնալ զարգացած, բարեկեցիկ երկիր»,- ասաց նա և նշեց, որ լուրջ ուշադրություն են դարձնում կրթության, առողջապահության ոլորտներին, սոցիալական խնդիրներին:

«Ժողովուրդը պետք է գիտակցի, որ քվեարկելով Օրինաց երկիր կուսակցությանը, իրենք քվեարկում են իրենց ավանդների վերադարձի օգտին»,-ասաց նա:

Արթուր Բաղդասարյանը խոսեց գործազրկության, վարկերի խնդիրներից և նշեց, որ «ոչ» են ասում ՀՀ-ում սպասվող կրճատումներին: «Պետությունը պետք է նպաստի կուտակված տարաբնույթ խնդիրների լուծմանը»,- հավելեց նա: