Վաղը Սանկտ Պետերբուրգում կքննարկվի Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցը


Վաղը Սանկտ Պետերբուրգում կքննարկվի Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցը
Դեկտեմբեր 6 15:22 2018

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում նախատեսվում է նաև քննարկել Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ նշելով, որ հայկական կողմը հիմնավորումներով տեղեկանքը ներկայացրել է:

Նա հրաժարվեց ասել, թե ինչ հիմնավորումներ են ներկայացված՝ պատճառաբանելով, թե դա կարող է ազդել գազի գնի շուրջ բանակցությունների վրա։
Ըստ նրա՝ հաջորդ տարվա գազի գնի մասին կարելի կլինի խոսել բանակցությունների ավարտից հետո, իսկ եթե մինչև տարեվերջ բանակցությունները չավարտվեն, գազի գնի հարցով հաջորդ տարի սպասվում է այն, ինչ այսօր է առկա:

«Երբ կլինեն ներմուծման նոր սակագները, պետք է ուսումնասիրվեն նաև ներքին գնագոյացման խնդիրները: Ես կարծում եմ, որ ներքին գնագոյացման ժամանակ կան խնդիրներ, և տեղ կա նվազեցնելու»,- ասաց Բաղրամյանը:

Թե ինչքա՞ն հնարավոր կլինի իջեցնել գազի սակագինը, նա նշեց, որ, երբ հայտարարում են 30 % նվազեցման հնարավորության մասին՝ առանց իմանալու գազի ներմուծման գինը, դա «մի քիչ ոչ պրոֆեսիոնալ» է. «Երբ կունենանք ներմուծման գին, ըստ այդմ արդեն կարող ենք կողմնորոշվել նաև ներքին սպառողի համար: Բանակցությունների արդյունքում կտեսնենք»:

Նախարարի պաշտոնակատարը բացառեց, որ ամերիկյան պատժամիջոցները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանում գազի գնի վրա։