«Մենք» դաշինքը մերժել և մերժում է ՀՀԿ-ին և գործող իշխանությունների միակ ընդդիմախոսն է. Խաչատուր Քոքոբելյան


«Մենք» դաշինքը մերժել և մերժում է ՀՀԿ-ին և գործող իշխանությունների միակ ընդդիմախոսն է. Խաչատուր Քոքոբելյան
Դեկտեմբեր 6 14:20 2018

«Մենք» դաշինքի նախընտրական ծրագիրը քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտներում հստակ լուծումներ է առաջարկում՝ հստակ հաշվարկներով: Այդ մասին Մասիս քաղաքում անցկացված քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Մենք» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

 

Նա նշեց, որ ծրագրից բացի կարևոր է նաև, թե ովքեր են այն իրականացնելու: Ըստ Խ.Քոքոբելյանի՝ «Մենք» դաշինքը ներկայացնող քաղաքական գործիչները մշտապես պայքարել են ընտրակաշառքի, բռնության, ստի և կեղծիքի, իմիտացիայի դեմ:

«Հիմա շատերն են խոսում, որ ընդդիմություն են լինելու, բայց կան քաղաքական ուժեր, որոնք ընդդիմություն են աշխատել և օժանդակել են նախկին իշխանություններին: Դա երևում է նրանց քվեարկություններից և դրանից հետո արված անիմաստ պարզաբանումներից: Մեր տունը քանդողներն էդ վայ ընդդիմադիրներն են եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ մարդու անցած քաղաքական հետագիծը երաշխիքն է, թե ինչպես է նա իրեն դրսևորելու նոր խորհրդարանում:

 

Խ.Քոքոբելյանը հայտարարեց, որ «Մենք» դաշինքը մերժել և մերժում է ՀՀԿ-ին և գործող իշխանությունների միակ ընդդիմախոսն է, և, ըստ նրա, որքան էլ որոշ ուժեր փորձեն դա չտեսնելու տալ, միևնույնն է, չեն հաջողելու:

«Մենք» դաշինքի ծրագրային դրույթներից մեկը կենսաթոշակի և աշխատավարձի բարձրացումն է: Խ.Քոքոբելյանը պարզաբանում է, որ դա հնարավոր է ստվերը կրճատելու հաշվին, որն, ըստ նրա, այսօր էլ կա, և որ այն փորձում են խնամքով թաքցնել: «Հայաստանում ստվերը ՀՆԱ-ի ավելի քան 35 տոկոսն է կազմում, այսինքն՝ ստվերում է գտնվում 3.5 մլրդ դոլար»,- ընդգծեց նա:

 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահի խոսքով՝ Հայաստանում չկա չլուծվող հարց, պարզապես հարց լուծող մարդիկ են պետք:



loading...