Գևորգը «բարեց» է․ Մարուքյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին


Գևորգը «բարեց» է․ Մարուքյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին
Դեկտեմբեր 6 14:04 2018

«2012 թվականի ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժերից մարդիկ էին գալիս և ինձ առաջարկում հանդիպել իրենց առաջնորդի հետ՝ ասելով, «որ քո համար լավ լինի»: Մի ուժ էլ «Բարգավաճ Հայաստան»-ն էր, որն այդ ժամանակ կոալիցիոն ուժ էր, կոալիցիոն թեկնածուն Վիկտոր Դալլաքյանն էր, և ես որևէ ուժի հետ հանդիպումը մերժել եմ»: Այս մասին, այսօր  լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով    երեկ Հանրայինում ծավալված բանավեճին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։

Մարուքյանի խոսքով՝  Գևորգը «սպորտսմեն տղա է՝ բարեց», ազգանունն էլ՝ Շահինյան, որի հետ ծառայել է. «Ինքը ինձ մի քանի անգամ առաջարկել է հանդիպել Ծառուկյանի հետ՝ և՛ ընտրությունների ընթացքում, և՛ ընտրություններից հետո: Երկու անգամ էլ մերժել եմ»:

Մարուքյանն ընդգծեց, որ նաև Հանրապետականն է առաջարկել մտնել իրենց քաղաքական միավոր. «Ես ասել եմ՝ խնդիր չունեմ, անվավեր ճանաչեք ընտրությունները, հոկտեմբերին ես Վանաձորի քաղաքապետ կընտրվեմ: Սակայն Վիկտոր Դալլաքյանի բողոքարկումը մերժվել է»:

Մարուքյանը նշեց նաև, որ Ծառուկյանի հետ առաջին անգամ հանդիպել է Ամերիկյան դեսպանատանը, որի հետ զրույցում ինքն ասել է. «Ես կորցնելու մեկ բան ունեմ՝ դա իմ անունն է, որը ես չեմ կարող կասկածի տակ դնել»: