Հարցված քաղաքացիների 0.5 տոկոսը տեղյակ չէ տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների մասին


Հարցված քաղաքացիների 0.5 տոկոսը տեղյակ չէ տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների մասին
Դեկտեմբեր 6 13:47 2018

Հայաստանում վերջերս անցկացված հարցման արդյունքներով քաղաքացիների 0.5 տոկոսը տեղյակ չէ, որ այս տարի տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Հարցվածների 8.6 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել կամ սխալ է նշել ընտրությունների անցկացման օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով դեկտեմբերի 1-ից 4-ը անցկացված «Նախընտրական ճեպընթաց՝ Վերջին կանգառ» խորագրով հարցումների պատասխանները: 

 

Նրա խոսքով՝ հարցվածների 86.6%-ը նշել է, տեղյակ է,  որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, 63.4%-ը տվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը, 55.5%-ը ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 34.5%-ը Հայ Հեղափոխական Դաշնակցության, 42.3%-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անունը: «Օրինաց Երկիր» կուսակցության անունը նշել է 29.4%-ը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անունը՝ 17.4%-ը, «Մենք» կուսակցությունների դաշինքի անունը՝ 17.0%-ը, «Քաղաքացու Որոշում» Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության, Քրիստոնեա-Դեմոկրատական Վերածնունդ կուսակցության, Ազգային Առաջընթաց» կուսակցության անունները համապատասխանաբար 6.9%, 7.5%, 2.5%»,-ասաց նա:

 

Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով` 1100 հոգու միջև: Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն:

 

 



loading...