Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնը ստացել է նախագահ Սարգսյանի և Գերմանական Կարմիր խաչի նվիրատվությունների կտրոնները


Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնը ստացել է նախագահ Սարգսյանի և Գերմանական Կարմիր խաչի նվիրատվությունների կտրոնները
Դեկտեմբեր 6 13:04 2018

 Օրերս Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Գերմանական Կարմիր խաչի Բեռլինի կենտրոնակայան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, գերմանական Կարմիր խաչի նախագահը Հայաստանի նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին էր հանձնել Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնի վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 10 հազար եվրո գումարի նվիրատվության կտրոնը:

Շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար՝ նախագահ Սարգսյանն ասել էր, որ Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնի վերանորոգման համար նվիրատվություն կլինի նաև իր կողմից՝ ավելի մեծ ծավալի աշխատանքներ կատարելու համար:

Դեկտեմբերի 5-ին հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում այցելել են «Բեռլին» բժշկական կենտրոն և հանձնել նվիրատվությունների կտրոնները. Գերմանական Կարմիր խաչի նվիրաբերած 10 հազար եվրոյին հանրապետության նախագահն ավելացրել է 5 մլն դրամ: 

Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ նվիրատվության գումարի միջոցով բժշկական կենտրոնի աշխատանքային պայմանները և հնարավորություններն ավելի կբարելավվեն: