«Դուք ոստիկանության գնդապետ եք սպանել», «Դուք էլ լեգիտիմացրել եք Հանրապետականին». թեժ բանավեճ

«Դուք ոստիկանության գնդապետ եք սպանել», «Դուք էլ լեգիտիմացրել եք Հանրապետականին». թեժ բանավեճ
Դեկտեմբեր 6 01:14 2018

«Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանի հարցն անցումային արդարադատության վերաբերյալ թեժ բանավեճի պատճառ դարձավ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Այսօր՝ դեկտեմբերի 5–ին, երբ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նաեւ անցումային արդարադատության գործիքների միջոցով պետք է ժողովրդից թալանվածը հետ բերել եւ ուղղել բանակին, ՀՀԿ առաջին համար Վիգեն Սարգսյանը հայտարարեց. «Այսօր իմացանք, որ անցումային արդարադատություն ունենք, դա անցնում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջոցով դեպի վարչապետ։ Էդ «տրոյկան» ոնց որ ձեւավորված է եւ որոշում է կայացնում՝ ով պետք է նստի, դատարանն ինչ պիտի որոշի։ Պարզվեց, որ դատավորն այնուամենայնիվ զանգել է...»։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընդհատեց նրան՝ ասելով. «Եթե որոշում կայացված լիներ, ձեր կուսակցության 90 տոկոսն արդեն նստած կլիներ, եւ շատ հնարավոր է, որ այդ թվում նաեւ դուք արդեն նստած լինեիք»։

Անցումային արդարադատության մասին հարցն էլ զարմացրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին։ Նա հիշեցրեց, որ «Սասնա ծռերն» ազատության մեջ են հայտնվել այն դատարանի կողմից, որն այսօր գործում է։

«Ձեր խմբավորումը ոստիկանության գնդապետ է սպանել, ոստիկաններ են զոհվել, արդյոք դուք հաշտվե՞լ եք հանրության հետ։ Ձեր զղջանքի խոսքը չեմ լսել»,– ասաց նա։

Վարուժան Ավետիսյանն ընդհատեց Մարուքյանին՝ հայտարարելով, որ իրենք կողմ են, որ անցումային արդարադատությունն իրենց էլ վերաբերի. «Ժողովուրդը գիտի՝ ով ում է սպանել... անցումային արդարադատությունը բոլորին թող վերաբերի, նաեւ ձեզ պետք է վերաբերի, որովհետեւ ձեր կրավորական կեցվածքով լեգիմիտացրել էիք նախորդ իշխանություններին»։

loading...