Գագիկ Ծառուկյանն անհրաժեշտ է համարում տնտեսական հեղափոխության իրականացումը


Գագիկ Ծառուկյանն անհրաժեշտ է համարում տնտեսական հեղափոխության իրականացումը
Դեկտեմբեր 6 00:25 2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը գտնում է, որ մարդիկ սպասում են իրենց կյանքում իրական փոփոխությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Առաջին ալիքի ուղիղ եթերում, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ժողովրդին անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն:

 

«Քարոզարշավը սկսվել է, բոլոր մարզերում, մարզկենտրոններում հանդիպում ենք ժողովրդի հետ՝ ներկայացնելով մեր ծրագիրը, որ մենք գիտենք խնդիրը, պրոբլեմը: Այսօր եղել է հեղափոխություն: Եվ այսօր մեր ժողովրդին անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն»,- նշեց Ծառուկյանը:

 

«Անհրաժեշտ են հարկային, բանկային, տնտեսական, կրթական ոլորտների բարեփոխումներ: Այսօր ժողովուրդը սպասում է, որ իր կյանքում իրապես բան փոխվի՝ ոչ թե խոսքերով, այլ գործնականում: Ինչ ծրագրեր, որ ներկայացրել եմ այս քարոզարշավի ընթացքում, դրանց համար կետ առ կետ պատասխանատում եմ: Առանց այդ կետերի երբեք ու երբեք բան չի կարող փոխվել»,- ընդգծեց Ծառուկյանը:

 

Նա նաև կարևորեց, որ պետության կողմից տրամադրվող գումարները չփոշիանան և ծառայեն ժողովրդին: