Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է բանավեճին


Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է բանավեճին
Դեկտեմբեր 5 19:01 2018

Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի շրջանակում դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի կունենա նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ: Այն կմեկնարկի լուրերի գլխավոր՝ ժամը 21:00-ի թողարկումից հետո:

 

 

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անպայման մասնակցելու է, բանավեճը կկայանա:

 

Նշվում է, որ առաջին անգամ իրականացվող նման բանավեճի ձևաչափը մշակվել է բանավեճերի միջազգային խորհրդատուի՝ Ջեֆրի Դեյվիդ Ֆոքսի աջակցությամբ։ Այն համապատասխանում է միջազգային բանավեճի բոլոր չափանիշերին:

 

Նախընտրական այս բանավեճը հնարավորություն է տալիս չեզոքության և հավասարության պայմաններում հանրությանն ավելի մանրամասն ու հասանելի ներկայացնելու քաղաքական ուժերի ծրագրերը: Նախընտրական բանավեճը կկոորդինացնեն մոդերատորներ Արմեն Դուլյանն ու Քրիստինե Մելքոնյանը:

 

 

Նախընտրական բանավեճի ընթացքում քաղաքական ուժերի համապետական ցուցակների առաջին համարներից յուրաքանչյուրը հանդես կգա ներածական խոսքով, որին կհետևեն մոդերատորների՝ թեկնածուներին ուղղված հարցերը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և անվտանգության խնդիրների, ինչպես նաև տնտեսական զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղիների վերաբերյալ: Բոլոր պատասխանները լսելուց հետո հարցի իրավունք կունենան նաև թեկնածուները: Բանավեճի ավարտին արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը հանդես կգա փակման խոսքով: