Գագիկ Ծառուկյանը գործարարների համար հարկային արտոնությունների կարիք է տեսնում


Գագիկ Ծառուկյանը գործարարների համար հարկային արտոնությունների կարիք է տեսնում
Դեկտեմբեր 5 18:50 2018

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկում է շատ գործարարների, փոքր և միջին ձեռնարկությունների տալ հարկային որոշակի արտոնություններ: Ծառուկյանը դեկտեմբերի 5-ին այս մասին նշեց Երևանում քաղաքացիների հետ նախընտրական հանդիպմանը:

«Կարևորագույն, առաջնային խնդիրն այն է, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններ լինեն, քանի որ աշխարհը տնտեսական ճգնաժամի մեջ է: Իսկ տնտեսական ճգնաժամի ժամանակ անհրաժեշտ են հարկային օրենքների փոփոխություններ: Աշխատողներին պետք է հնարավորություն տրվի, որ կարողանան տնտեսությունը պահել մինչ ճգնաժամի ավարտը: Եթե գործարանի վաճառքը տնտեսական ճգնաժամի պայմաններում այնքան էլ լավ վիճակում չէ, և գործարանը չի կարողանում աշխատողների աշխատավարձերը վճարել, ապա պետք է հնարավորություն տրվի, որ, օրինակ, ամսական 10 մլն դրամի փոխարեն մեկ տարի ժամկետով վճարի 8 մլն դրամ հարկ»,- ասաց Ծառուկյանն ու շեշտեց՝ դա ընդունելի է ողջ աշխարհում:

Նա անհրաժեշտություն է համարել նաև գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների նվազեցումը:  Նրա կարծիքով՝ փոքր ու միջին բիզնեսին ևս մեկ տարով պետք է ազատել հարկերից: Ծառուկյանը կարծում է, որ դա պետբյուջեի համար մեծ բեռ չի լինի: