Այսօր Հ1-ում թեժ է լինելու. Անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկե՞լ եք՝ կարող է «հրդեհ» բռնկվել. «Հրապարակ»


Այսօր Հ1-ում թեժ է լինելու. Անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկե՞լ եք՝ կարող է «հրդեհ» բռնկվել. «Հրապարակ»
Դեկտեմբեր 5 09:00 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջև։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որևէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։

«Բայց քանի որ առաջին անգամն ենք նման բաց բանավեճ անցկացնելու, մասնագետներն էլ գտնում են, որ 11 գործչի դեպքում հնարավոր է և ասելիքը երկար լինի, կփորձենք ավելի ճկուն լինել ու անհրաժեշտության դեպքում բանավեճին ֆորմատից ավել՝ ևս կես ժամ տրամադրել»։ Նախատեսվել է, որ դեբատը կվարեն Արմեն Դուլյանը և Քրիստինե Մելքոնյանը, ինչո՞ւ ոչ Պետրոս Ղազարյանը։ «Հաղորդումը կազմակերպելու, բանավեճը հնարավորինս սահուն կազմակերպելու համար թրեյնինգներ է անում հասարակական կազմակերպություններից մեկը․ նրանք մեզ խորհուրդ են տվել, որ բանավեճի մոդերատորները լինեն կին և տղամարդ»։

Դեբատի սկզբում 11 գործիչներն ասելու են իրենց ողջույնի խոսքը, մոդերատորների միջամտությունը քիչ է լինելու, մասնակիցները միմյանց հարցեր կտան, պատասխաններ կհնչեն, սկզբի համար մեկ-երկու՝ կոռուպցիայի, տնտեսության մասով հարցեր կլինեն։ Անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկե՞լ եք․ քարոզչական մթնոլորտն առանց այն էլ բավականին թեժ է, իսկ 11 մասնակցի դեպքում այն ընդհանրապես կարող է «հրդեհ» առաջացնել։ «Մենք ունենք անվտանգության հնարավորություն միայն մուտքի և ելքի համար, այլ հնարավորություններ չունենք, և ապա՝ չեմ կարծում, որ մեր քաղաքական գործիչների բանականությունը կհատի թույլատրելիության սահմանը, ցայս մեր տաղավարում կազմակերպված բանավեճերի ժամանակ կոռեկտությունը խստագույնս պահպանվել է»,- ասաց Մ․ Գրիգորյանը»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: