Հայաստանում տնտեսվարողների թվաքանակի ավելացումը պայմանավորված է ԵԱՏՄ անդամակցությամբ. Ա. Շաբոյան


Հայաստանում տնտեսվարողների թվաքանակի ավելացումը  պայմանավորված է ԵԱՏՄ անդամակցությամբ. Ա. Շաբոյան
Նոյեմբեր 24 14:04 2018

Մեր երկիրը տնտեսական մրցակցության ոլորտում աննախադեպ առաջընթաց է արձանագրել: Այս մասին  այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա գնահատականներով Հայաստանը 2018  թվականին մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով և ներկայումս աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 28-ի փոխարեն»,-ասաց նա:

Շաբոյանի խոսքով՝  ՀՀ-ն այս առումով առաջ է գտնվում նաև ԵԱՏՄ անդամ երկրների շարքում, ինչպես նաև տարածաշրջանի, ԱՊՀ անդամ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից։ 

«Ավելացել է  տնտեսվարողների, ներկրողների թիվը, նվազել է «Ալեքս հոլդինգի» մասնաբաժինը: Եթե նախկինում կարագի շուկայում գործել է թվով 24 տնտեսվարող, ապա այս տարվա տվյալների համաձայն՝ ներմուծողները 57-ն են: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նշված ժամանակահատվածում նվազել է՝ 74%-ից դառնալով 49%: Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն 2018-ին գործում են արդեն 149-ը, խոշորների  մասնաբաժինն այս դեպքում ևս նվազել է՝ դառնալով 38 %-ից 5%»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանում տնտեսվարողների թվաքանակի ավելացումը 2015 թվականից է սկսվել, հիմնականում դա պայմանավորված է ԵԱՏՄ անդամակցությամբ: