ՊԵԿ-ի նախագահն անհաջող արտահայտություն է թույլ տվել. Բագրատ Ասատրյան


ՊԵԿ-ի նախագահն անհաջող արտահայտություն է թույլ տվել. Բագրատ Ասատրյան
Նոյեմբեր 23 13:14 2018

Քաղաքացիների բոլոր եկամուտները պետք է հարկվեն, ոչ թե միայն աշխատավարձը: Այս մասին, այսօր  լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի կողմից առաջ քաշված եկամուտների համատարած հարկման գաղափարին, որը բուռն հակազդեցություն էր առաջացրել:

Անդրադառնալով խոպանչիներինհարկելուն՝ ԿԲ նախկին ղեկավարն ասաց. «Եթե այդ 100 դոլարը իմ նվազագույն ծախսերը չեն ծածկում, այն չպետք է հարկվի ընդհանրապես: Ես կարծում եմ ՊԵԿ-ի նախագահն ակտիվ մարդ է և անհաջող արտահայտություն է թույլ տվել:

Նա նշեց,որ հարկման բեռի տակ ընկնում են աշխատավարձով աշխատողները, իսկ մեծահարուստները՝ ոչ:

Նրա խոսքով՝ այս տարվա ամենամեծ ակնկալիքը ետհեղափոխական կայունություն ապահովելն է, ինչը կա: Տնտեսագետը նշեց, որ դրական տեղաշարժեր են նկատվում վարկավորման ուղղությամբ, այդտեղ աճ է արձանագրվել:

«Մեր ունեցած իրավիճակի համար սա աննախադեպ է: Մենք վարկային ներդրումների 10 տոկոսից ավելի աճ ունենք. դա նշանակում է, որ ներքին շուկան դրական է արձագանքում երկրում տիրող փոփոխություններին: Կառավարությունը պետք է ձգտի որոշակի տեսք տալ այդ դրական միտումներին համակարգային մոտեցմամբ»,-ասաց Ասատրյանը: