Օտարամոլությունը ազգային արմատներից հեռանալու ամենալուրջ սպառնալիքն է: Արմատը ճանաչող հային անհնար է արմատախիլ անել:
Նոյեմբերի 16-ին, Պատանեկության ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ Վերգինե Ալավերդյանի հեղինակային՝ «Վերադարձ արմատներին» նախագիծը, որտեղ ներկայացվեց ինչպես ազգային հագուստը, այնպես էլ երգն ու պարը, խոհանոցը:
Հյուրերի թվում էին պաշտոնյաներ, Աժ պատգամավորներ, խոհանոցային վարպետներ, ինչպես նաև նրանք, ովքեր գնահատում և հասկանում են,թե ինչ է իրենից ներկայացնում ազգային արժեքը:
«Ես անում եմ մի բան, որը հոգեհարազատ է բոլորին, ի վերջո, ես կոչ եմ անում վեադառնալ արմատներին: Ես համարում եմ, որ այսօր մենք կարողացանք վերադառնալ արմատներին, ինչի մասին վկայում են ներկաների փայլուն աչքերը»,- ArmDay.am-ի հետ զրույցում ասաց «Տիկնիկների մոլորակ» արվեստանոցի հեղինակ,Վերգինե Ալավերդյանը,ով տարիներ շարունակ ձեռքի մի շարժումով կենդանություն է տալիս, տիկնիկներին, հագուստներին, որոնք պարտադիր ներկայացնում են ազգայինը:
Վ.Ալավերդյանի խոսքով՝ արմատներին կպած լինելու համար մենք պետք է սիրենք մեզ այնպիսին, ինչպիսին կանք,մեր նախնիների հիշատակը հարգելով՝ պիտի պահենք մեր սովորույթները, մարդկային արժեքները: Նա դեպի արմատներ վերադառնալու ամենակարճ ճանապարհը սերն է համարում:
«Տիկին Ալավերդյանի ձեռքի աշխատանքները հիանալի են: «Վերադարձ արմատներին» խորագիրը զգաստացնող է: Այս պահին կարծես կտրված լինենք ամեն ինչից և շրջապատված ենք այնպիսի երևույթներով, որոնք դեպի մեր արմատներն են տանում: Այս պահերը եթե շատ լինեն, մենք ոչ թե կվերադառնանք արմատներ, այլ հենց արմատներում կլինենք: Ինքնաճանաչ հայի և իրենով, իր ազգությամբ ու ծագմամբ հպարտացող հայի ժամանակաշրջանը որ գա, վստահ եմ, որ մենք որևէ խնդիր չենք ունենա, ոչ մշակութային դաշտում, ո՛չ քաղաքական, ո՛չ դիվանագիտական, տնտեսական դաշտերում:Երբ ունենանք ինքնաճանաչ հայ հասարակություն, բոլոր խնդիրները ինքնստինքյան լուծվելու են:Օտարամոլությունը մեզ կհեռացնի մեր արմատներից: Իրական արժեքները, որն այսօր մենք տեսնում ենք, չեն գնահատվում: Գնահատվում են շինծու, ժամանակային կարճ կյանք ունեցող արժեքները, որով մենք չենք կարող առաջ գնալ»,-ասաց Սեդրակ Մամուլյանը:
Հյուերերի թվում էր նաև Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը,ում խոսքով՝ մենք ունենք լավ հիմք, և հայերս այդ հիմքի վրա ստեղծել ենք պետություն:
«Մենք ունենք մեր սովորույթները,սնունդից մինչև հագուստ:Մենք կանգնած ենք ամուր հիմքի վրա, սակայն մեկ-մեկ մոռանում ենք այդ մասին: Շնորհավորում եմ Վերգինե Ալավերդյանին նման նախագծի համար»-ասաց Կոմանդոսը:
Նախագծին իր երգով տոնական տրամադրություն հաղորդեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունը:
«Տիկին Ալավերդյանը շատ մեծ գործ է կատարում ազգային տարազների պահպանման հարցում: Եվ հաճելի է, որ հիմա շատերն են օգտվում նրա աշխատանքներից: Անձամբ ես, օգտվել եմ նրա տարազներից, երբ Չեխոսոլովակիա պետք է մեկնեի: Պետք է տարածել մերը, ազգայն ոգին բարձրացնել հենց տարազներով: Շատ ողջունելի է նման միջոցառումները, շնորհավորում եմ շնորհանդեսի առիթով»,-ասաց Գուսան Հայկազունը:
Շնորհանդեսը իրականացվել է սեփական միջոցներով: Վերգինե Ալավերդյաննը սեփական աշխատանքներով և ընկերների հետ համագործակցությամբ կարողացել է իրագործել իր հայապահպան նախագիծը:
Նախագծի անդամների թվում են Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրեն՝ Նարե Արամյանը, Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե ՍՀԿ հիմնադիր՝ Մանուշակ Ստեփանյանը և այլք:
Շատ կարևոր է երեխաների կրթադաստիարակչական ծրագրերում ըդնհանուր առմամբ զարգացման բոլոր նախագծերում ներառել այնպիս հատվածներ, որոնք իսկապես երեխաների մեջ դաստիարակելու են մշակույթը և վերադարձնելու են այն արմատներին, որը շատ կարևոր է յուրաքանչյու երեխայի համար: Երբ մենք երեխային դաստիարակում ենք մշակութային դաստիարակության ոգով, շատ կարևոր է, որ երեխան նախ և առաջ ճանաչի իր ազգայինը և կարողանա տարբերել այլոցը և այդ գեղեցկության մեջ կարողանա մատուցել սեփական ժողովրդի ազգի, իսկական արմատները: Շատ կարևոր է, որ Պատանեկության ստեղծագործության կենտրոնը տարիներ շարունակ «Տիկնիկների մոլորակ» արվեստանոցի հետ է համագործակցում, քանի որ Վերգինե Ալավերդյանը մեծ վարպետ է, հատկապես հայկական տարազների արվեստի և արհեստի վերածնունդի»-ասաց Նարե Արամյանը:
Նշենք, որ 2017թ.-ի դեկտեմբերին Արամ Խաչատրայն համերգասրահում Վերգինե Ալավերդյանը կազմակերպել էր «Վերադարձ արմատներին» ազգային տարազների համերգ -ցուցադրություն, որի արձագանքներից էլ հեղինակը ոգեշնչվել և որոշել է այն վերածել նախագծի, որն արդեն շարունակական կլինի: