Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան

Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան
Նոյեմբեր 16 20:02 2018

Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ամուր գործընկերային հարաբերություններ, որոնք կառուցված են հավասար իրավունքների, փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

Նա ընդգծել է, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են ինչպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում, այնպես էլ մյուս բազմակողմ հարթակներում: «Դուք շատ լավ գիտեք, թե որքան հագեցած և դինամիկ է հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգը, որը ներառում է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ռազմատեխնիկական, ինչպես նաև գիտության, մշակույթի, կրթության ոլորտները: Գոյություն ունեն համագործակցության ձևաչափեր, որոնք թույլ են տալիս հստակեցնել մեր գործընկերային հարաբերությունների խորացման նոր ուղղությունները»,- ասել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը:

Խոսելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հարաբերությունների մասին՝ Մնացականյանը բարձր է գնահատել ՌԴ գործընկերոջ փորձառությունը: «Մեր միջև հաստատված հարաբերությունները համապատասխանում են մեր երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթին»,- ասել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում Լավրովի հետ կունենան պաշտոնական շփման նոր հնարավորություններ:

 

loading...