Կալանավորումն անհիմն է․ «Սերժի Վաչո»-ի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում


Կալանավորումն անհիմն է․ «Սերժի Վաչո»-ի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում
Նոյեմբեր 16 17:49 2018

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ կրկին կալանավորվել է Վաչագան Ղազարյանը, ով առավել հայտնի է որպես «Սերժի Վաչո»։ Հատկանշական է, որ խափանման միջոցը կալանքով փոխարինելու դատարանի որոշման հիմքում չկան նոր հանգամանքներ, իսկ մեղադրյալի կողմից նախաքննությանը խոչընդոտելու մասին վարկածները կրում են մտացածին բնույթ, այս մասին ArMday.am-ի հետ զրույցում նշեց Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։

-Ինչո՞վ է պայմանավորված Վաչագան Ղազարյանին կրկին կալանավորելու որոշումը։

-Ամեն ինչ մնացել է նույնը ուղղակի երբ առաջին Ատտյանի դատարանը որոշում կայացրեց կալանավորելու, մենք բողոքարկեցինք Վերաքննիչ դատարան, և գործի քննության արդյունքում սահմանվեց 1 մլրդ դրամը, որը վճարվեց, և Վաչագան Ղազարյանը դուրս եկավ կալանքից։ Այդ որոշումը Դատախազության կողմից բողոքարկվել էր գրավի մասով, և Վճռաբեկ դատարանը չգիտեմ ինչ հիմքերով գտավ, որ ցանկացած դեպքում Վաչագան Ղազարյանը պետք է մնա կալանքի տակ, այսինքն գրավը սխալ է կիրառվել։

-Իսկ չե՞ն ներկայացվում հիմքեր այդ որոշումը սխալ համարելու կապակցությամբ։

-Կալանքի միջնորդությունը Դատախազությունը պաշտպանելիս, իր բողոքն ընդհանրապես վերաբերում էր հետևյալին, որ Ղազարյանը կարող էր խուսափել քննության մարմին ներկայանալուց և խոչընդոտել նախաքննությանը։ 4 ամիս նա գտնվում էր ազատության մեջ և դատախազությունը հստակ ընդունեց, փաստեց, որ Վաչագան Ղազարյանը որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը, ավելին՝ ցուցմունքներ է տվել։ Այդ ամենով հանդերձ Դատախազությունը շարունակեց պնդել, որ նա պետք է հայտնվի կալանքի տակ։

-Ինչպե՞ս եք գնահատում դատական համակարգի աշխատանքն այս գործի շրջանակներում։

-Նման պահվածքը Դատախազության առումով ինչ որ տեղ հասկանալի է, բայց դատարանի կողմից նման պայմաններում նորից որոշում կայացնել, և Վաչագան Ղազարյանին ազատությունից զրկել՝ մեզ համար մեղմ ասած անհասկանալի է։ Մենք դեռևս չենք ստացել Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, բայց  փաստը մնում է փաստ, որ հենց Վճռաբեկ դատարանում դատախազությունը կարծես թե ընդունեց, որ Ղազարյանին անազատության մեջ պահելու հիմքեր չկան, քանի որ այս 4 ամսվա ընթացքում իր վարքով ապացուցեց, որ իրեն կալանավորելու անհրաժեշտություն չկա։

-Նման աղմկահարույց գործերի շրջանակներում բազմիցս ենք փաստաբանների կողմից նկատում հայտարարություններ դատարանների քաղաքական ուղղորդվածության հետ կապված, Դուք նմանատիպ երևույթներ նկատու՞մ եք։

-Ես զերծ կմնամ նման հայտարարություններ անելուց, մենք իրավական տեսանկյունից փաստում ենք հանգամանքները, որոնք որ անհերքելի են։ Այս պայմաններում ունենք հանգամանք, որն արտահայտվել է։ Մարդիկ եկել են, ասել են, որ չի խոչընդոտում, բայց դատարանը որոշում է կայացնում կալանավորելու մասին․ մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ։ Ես լիազորված չեմ քաղաքական հայտարարություն անելու, բայց այն որ առանց որևէ հիմքի Վաչագան Ղազարյանը հիմա անազատության մեջ է՝ ես կարող եմ միանշանակ հայտարարել։

-Ստեղծված իրավիճակում որո՞նք են լինելու Ձեր հաջորդ քայլերը։

Ըստ էության մենք նորից կդիմենք դատարան, որպեսզի գրավ սահմանվի  և նոր դատական քննության առարկա կդարձնենք այդ հարցը, և երկրորդ տարբերակը, որ մեզ մնում է, դա արդեն ներպետական ատյաններից դուրս գալ և դիմել ՄԻԵԴ, ինչի հիմքերը միշտ եղել են, բայց մինչ օրս նման որոշում չէր կայացվել։ Որոշումը կստանանք այդ մասով կքննարկենք, որովհետև մենք այլ եղանակ չունենք, Վճռաբեկ դատարանը մեր վերջին ատյանն էր, որ մենք կարող էինք մեր բողոքը ներկայացնել։

Վաչիկ Գրիգորյան