Մելբուրնի մանկական հիվանդանոցի վիրաբույժները բարեհաջող կերպով կարողացել են բաժանել սիամական երկվորյակների՝ մեկուկես տարեկան աղջիկները ընդհանուր լյարդ ունեին:
Բարդ վիրահատությունը տեւել է 6 ժամ, հայտնում է The Guardian-ը:
15 ամսական սիամական երկվորյակներ Նիման եւ Դավան ծնվել են Բութանում: Նրանք իրար կպած էին որովայնի հատվածով, ունեին ընդհանուր լյարդ: Բութանում բժիշկները չեն համարձակվել վիրահատել նրանց, բարեգործական կազմակերպությունների միջոցով աղջիկները տեղափոխվել են Ավստրալիա:
Երբ Մելբուրնի համալսարանի բժիշկները ուսումնասիրել են երեխաներին, ասել են, որ նրանք այնքան քաշ չունեն, որպեսզի վիրահատությունն անվտանգ անցնի: Արդյունքում երեխաները մի ամիս հատուկ սննդակարգի են անցել, ինչից հետո նոր միայն վիրահատության են ենթարկվել:
Վիրահատությունը բարեհաջող է անցել, բժիշկները կարծում են, որ աղջիկները ողջ կմնան, կկարողանան նորմալ կյանք վարել հետագայում: Ամեն դեպքում, աղջիկները մնալու են հսկողության տակ:
Նախկինում ընդհանուր լյարդով սիամական երկվորյակներին բաժանելիս նրանցից միայն մեկն էր ողջ մնում, այս անգամ, բարեբախտաբար, երկուսն էլ ողջ են մնացել:
Աղբյուր՝ Բուժ ինֆո