Խորհրդարանում ես կլինեմ «ասեղ» և կպայթեցնեմ Փաշինյանի բերած «փուչիկները»


Խորհրդարանում ես կլինեմ «ասեղ» և կպայթեցնեմ Փաշինյանի բերած «փուչիկները»
Նոյեմբեր 14 22:13 2018

Նոյեմբերի 14-ին «Հայելի» ակումբի հյուրերն էին քաղաքական տարբեր թևեր ներկայացնող գործիչներ՝ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը, Արագած Ախոյանը («Ալյանս»), Մենուա Հարությունյանը (ՀՀԿ):

Նրանք ներկայացրին իրենց մոտեցումներն ու ակնկալիքները կապված առաջիկա արտահերթ ընտրությունների հետ: Խոսելով «Ընտրական օրենսգրքի» մասին՝ Արագած Ախոյանը նկատեց, որ օրենսգրքի չընդունումը բերեց նրան, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք նոր ԸՕ-ի դեպքում հավակնում էին առանձին մասնակցել, այսօր մասնակցում են դաշինքներով. «Օրենսգիրքը չընդունվեց, որովհետև բոլորն այդպես ցանկացան:

 

Վերջին 6 ամիսներին մենք տեսել ենք, թե ինչպես են ԱԺ-ում մի հարվածով որոշումներ կայացնում»: Ասուլիսի մյուս բանախոս, «Հանրապետություն» կուսակցությունից Թեհմինե Վարդանյանը, հակադարձելով Արագած Ախոյանին ասաց.

«Չեմ կիսում Ձեր այն միտքը, որ գործող իշխանությունը չէր ցանկանում նոր ԸՕ-ի ընդունումը»: Թեհմինե Վարդանյանի խոսքով՝ այս ԸՕ-ի տապալումը ձեռնտու էր ոչ միայն ՀՀԿ-ին, այլ նաև ԲՀԿ-ին. «Ժամանակին թաղային հեղինակությունները ձայներ են ապահովել նաև ԲՀԿ-ի համար և դա է պատճառը, որ նոր ԸՕ-ի տապալումը ձեռնտու էր նաև ԲՀԿ-ին»: Մենուա Հարությունյանն էլ սուր քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանին. «Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ կարող էր փոխել ԸՕ-ն, բայց նրա համար մեկ էր, թե ինչ ԸՕ-ով կգնան ընտրության, միայն թե արագ անցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները:

 

Պատճառը պարզ է՝ ժողովրդին հնարավոր չէ երկար կերակրել ստով»: Հարությունյանի խոսքով՝ թաղային հեղինակություններն ու քրեաօլիգարխիկ համակարգն այսօր էլ ծառայելու են Նիկոլ Փաշինյանին. «Փաշինյանն օգտագործելու է թաղային հեղինակություններին, որպեսզի իշխանություն ձևավորի»: Արագած Ախոյանն ասաց. «Անկախ ամեն ինչից իշխանափոխությունն անհրաժեշտություն էր, քանի որ երկիրը զարգացման չէր գնում»:

Մենուա Հարությունյանի կարծիքով էլ՝ այս խորհրդարանում ինքը կլինի ասեղ, որը կպայթեցնի Նիկոլ Փաշինյանի բերած փուչիկները, ինչին ի պատասխան՝ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ ցավում է, քանի որ ՀՀԿ-ն նոր ձևավորվող խորհրդարանում չի լինելու: