«Իմ քայլը» դաշինքի ցուցակում 46 կին թեկնածու կա. ովքե՞ր են հայտնիները


«Իմ քայլը» դաշինքի ցուցակում 46 կին թեկնածու կա. ովքե՞ր են հայտնիները
Նոյեմբեր 14 18:46 2018

ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված 183 թեկնածուներից 46–ը իգական սեռի ներկայացուցիչներ են։ Նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն է. նա ցուցակի երրորդ համարն է։

Ցուցակի առաջին տասնյակում են Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը։

 

Ցուցակում ներգրավված կանանցից մի քանիսը ներկայումս պաշտոններ են զբաղեցնում կառավարությունում։ Նրանց թվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Արփինե Դավոյանը, ով «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվելու է Լոռու մարզում, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի օգնական Քրիստինե Պողոսյանը. նա ռեյտինգային թեկնածու է առաջադրվելու Ավան,Նոր Նորք եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում։

Երիտասարդ թեկնածուների թվում է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը։

Կին թեկնածուների շարքում տեղ են գտել նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները։

Նրանց թվում են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, լրագրող Գայանե Աբրահամյանը, Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի համահիմնադիր Արուսյակ Ջուլհակյանը. երեքն էլ անկուսակցական են։

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ցուցակում է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը. նա նույնպես քաղաքային ավագանու անդամ է։

Իգական սեռի ներկայացուցիչներից ցուցակում ընդգրկված է նաեւ Թագուհի Թովմասյանը. նա «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է։

Կանանց շարքում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, «Բիլայն» ընկերության նախկին մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Մարիա Կարապետյանը եւ ուրիշներ։

Նշենք, որ համաձայն «Ընտրական օրենսգրքի»՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Այսպիսով «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների թեկնածուների 25 տոկոսը կանայք են։



loading...