Ավանում գիշերը դանակի սպառնալիքով թալանել են «Ալֆա Ֆարմի» դեղատունը. տարել են խոշոր չափի գումար


Ավանում գիշերը դանակի սպառնալիքով թալանել են «Ալֆա Ֆարմի» դեղատունը. տարել են խոշոր չափի գումար
Նոյեմբեր 14 12:20 2018

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում գործող «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն է մտել 36-ամյա Էդուարդ Մ.-ն եւ դանակի սպառնալիքի տակ աշխատակցու՝ 22-ամյա Ա. Պ.-ից պահանջել գումար։ Վերջինս էլ նրան է հանձնել դեղատանը եղած խոշոր չափի գումարը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, Երեւանի Ոստիկանության վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են Էդուարդ Մ.-ին եւ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկել Ոստիկանություն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս քննիչի որոշմամբ ձերբակալվել է։