Հոգեբուժարաններում Պաշտպանի արձանագրած խախտումների հիման վրա հարուցվել են նոր քրգործեր


Հոգեբուժարաններում Պաշտպանի արձանագրած խախտումների հիման վրա հարուցվել են նոր քրգործեր
Նոյեմբեր 14 11:23 2018

Հոգեբուժական կազմակերպություններում խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հիման վրա հարուցվել է ևս երկու քրեական գործ։

ՀՀ գլխավոր դատախազությունից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրության համաձայն՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է  քրեական գործ:  Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց:

Եվս մեկ քրեական գործ հարուցվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» (նախկինում՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն») ՓԲ ընկերության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել հոգեբուժարաններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա։ 

Նշված բոլոր քրեական գործերով իրականացվում է նախաքննություն ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից: