Կնոջը կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվում է ամուսինը


Կնոջը կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվում է ամուսինը
Նոյեմբեր 14 11:12 2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողություններ՝ 20-ամյա Քրիստինե Իսկանդարյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Երիտասարդ կինը պոլիտրավմա ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել նոյեմբերի 11-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում, և ի վիճակի չի եղել բացատրություն տալու։ Նոյեմբերի 12-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ տուժածն առանց գիտակցության գալու հիվանդանոցում մահացել է։
Դեպքի առթիվ ոստիկանությունում նոյեմբերի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որը նույն օրը ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։ Քննիչն այն վարույթ է ընդունել և ձեռնարկել անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ՝ կնոջ՝ մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ նա բռնության է ենթարկվել տանը՝ ամուսնու կողմից։ Հիմնավոր կասկածի առկայության պայմաններում քննիչի որոշմամբ նոյեմբերի 13-ին ամուսինը ձերբակալվել է։ 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: