Վարդենիկի նորակառույց թաղամասի ընտանիքներն ապահովվում են բնական գազով


Վարդենիկի նորակառույց թաղամասի ընտանիքներն ապահովվում են բնական գազով
Նոյեմբեր 12 23:00 2018

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում տեղական միջոցների հաշվին գազաֆիկացվում է նորակառույց թաղամասը, ինչի շնորհիվ թաղամասի 30 ընտանիք մոտեցող ձմռանը ապահովվելու է բնական գազով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, գազատարի արտաքին ցանցի կառուցման համար տեղական բյուջեից հատկացվել է 10 միլիոն 250 հազար դրամ, ինչի արդյունքում կառուցվել է 1 կիլոմետր 200 մետր երկարության գազատարի արտաքին ցանց, տեղադրվել են ներտնային ցանցերի միացման ելքերը: «Շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են մոտ 1 ամիս, արդեն մոտեցել են ավարտին: Մի քանի օրից բնակիչները բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան: Այս թաղամասը, որը գտնվում է Վարդենիկով հոսող Վարդենիս գետի արեւելյան հատվածում, հիմնականում նորակառույց է, որտեղ բնական գազի ցանցը բացակայում էր: Հիմա բնական գազից օգտվելու հայտ է ներկայացրել 30 բաժանորդ, սակայն առաջիկա տարիների ընթացքում նրանց թիվն էականորեն կավելանա, քանի որ այստեղ նոր ընտանիքներ կտեղափոխվեն բնակության»,- հավաստեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան