ՀՀԿ-ն իշխանության հետ կորցրել է նաև ողջախոհությունը. Թեհմինա Վարդանյան


ՀՀԿ-ն իշխանության հետ կորցրել է նաև ողջախոհությունը. Թեհմինա  Վարդանյան
Նոյեմբեր 12 22:46 2018

«Հանրապետություն» կուսակցության անդամ, նախկին ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը  «Մենք» դաշինքի կողմից  Աժ արտահերթ ընտրություններում կառաջադրվի որպես  պատգամավոր:  Նա կառաջադրվի թիվ 2 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանները: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Թեհմինա Վարդանյանը:

Պատգամավորի թեկնածուն  իր առաջ խնդիր է դրել՝  բարձրացնել  ՀՀ քաղաքացու կյանքի որակը՝ սոցիալականից մինչև առողջապահական:

Այն հարցին, թե մտավախություն չունե՞ն  դաշինքով մասնակցության դեպքում վստահության պակաս զգացվի «Լույսի» հետևորդների մոտ, Թ. Վարդանյանը պատասխանեց. 

«Մենք գնահատում ենք մեր յուրաքանչյուր ընտրողին որպես գիտակից քաղաքացի: Գուցե և հիասթափություններ նույնպես լինեն, ինչի համար ներողություն եմ խնդրում: Վստահեցնում եմ, որ «Մենք» դաշինքն ավելի խոսուն, գաղափարական և ժողովրդի կողմից սիրված դաշինք է լինելու»:

Մեր զրուցակիցը ԱԺ արտահերտ ընտրությունների  հիմնական մեխը համարում է այն, որ վերջին քսանամյակում վերջապես կլինեն համապետական առաջին արդար ընտրություններ: 

«Իհարկե, սրա մասին աղաղակում են բազմաթիվ քաղաքական ուժեր և փորձում ժողովրդին հրամցնել, ասել է թե «մեր ոտքերն ամպոտ են»: Զավեշտալի է , իհարկե, որովհետև ժողովուրդը հստակ գիտի` ով ով է և ով ում «պրոեկտն» է: Մնացածը ցույց կտա քվեարկությունն ու արդյունքները»,-ասաց Վարդանյանը:

Նախկին ավագանու անդամն իր բոլոր հարցազրույցներում է նշում էր, որ  ՀՀԿ-ն հավանաբար, ողջախոհություն կցուցաբերի և չի մասնակցի ընտրությունններին,սակայն ինչպես գիտենք, ՀՀԿ-ն որոշել է  մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին:

Անդրադառնալով ՀՀԿ-ի մասնակցության որոշմանը,և արդյո՞ք ՀՀԿ-ին կհաջողվի շահել ժողովրդի սիրտը, Թ. Վարդանյանն ասաց.

« Ցավում եմ, բայց ՀՀԿ-ն իշխանության հետ կորցրել է նաև ողջախոհությունը: Անկեղծ, չէի սպասում, որ այդքան անիրատես կգտնվեն: Փաստորեն, ես այդ կուսակցության մասին ավելի լուրջ կարծիքի եմ եղել քաղաքական հաշվարկների հետ կապված: Չեմ պատկերացնում` ինչպես են քարոզարշավ անելու և հանդիպումներ ունենալու ժողովրդի հետ: Մարդիկ էապես ատում են այդ կուսակցությունը, ի՞նչ սիրտ շահելու մասին է խոսքը»:

Պատգամավորի թեկնածուն  կարծում է, որ «Իմ Քայլը» դաշինքը բացարձակ մեծամասնություն է  լինելու Խորհրդարանում,  որովհետև ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը:

 «Ինձ զվարճացնում են ինձ բազմաթիվ կուսակցություններ, որոնց լիդերները դեմքի լուրջ արտահայտությամբ ասում են` մենք գնում ենք երկրորդ ուժ դառնալու»,-ասաց նա:

Հեղափոխությունից հետո ներկայիս իշխանությունների վարած գործելաոճը  որոշ հարցերում հիասթափեցրել  է Թեհմինային:

«Այո, եղել են նաև հիասթափություններ: Չեմ ուզում կոնկրետ քայլերի վրա շեշտադրում անել: Վարչապետը բազմիցս մատնանշել է, որ սա ժամանակավոր կառավարություն է: Լիահույս եմ, որ ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունը կլինի ավելի կառուցողական և պրոդուկտիվ»,-խոսքը եզրափակեց Թեհմինա Վարդանյանը: