Ոտաբոբիկ վազքարշավ կատարող գյումրեցուն դիմավորել են Վարդենիս քաղաքում


Ոտաբոբիկ վազքարշավ կատարող գյումրեցուն դիմավորել են Վարդենիս քաղաքում
Նոյեմբեր 12 22:27 2018

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ 70-ամյա Գագիկ Մուրադյանը նոյեմբերի 5-ից Գյումրի քաղաքից ոտաբոբիկ սկսել է իր վազքարշավը՝ կատարելով ուխտագնացություն՝ նվիրված Սպիտակի մեծ երկրաշարժի զոհերի հիշատակի 30-ամյակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից տեղեկացրին, որ այսօր Գագիկ Մուրադյանը կանգ է առել Վարդենիս համայնքում, հանդիպել համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հետ եւ շարունակել իր երթուղին դեպի Արցախի Հանրապետություն:

«Մեր վերջին տեղեկություններով՝ գյումրեցի ուխտագնացը Վարդենիսից դուրս գալուց 4 ժամ անց հատել է Գեղարքունիքի մարզի սահմանը եւ մտել Արցախ: Գագիկ Մուրադյանը վարդենիսցիներին փոխանցեց ուխտագնացության հիմնական նպատակը՝ ոգեկոչել Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը, սերունդների հիշողության մեջ անմոռաց պահել այդ ողբերգության թողած հետեւանքները, որպեսզի ամեն մի ապրող մտածի մեր երկրի վերաշինման մասին, որով միայն կարող են ամոքվել աշխարհավեր երկրաշարժի պատճառած անհուն ցավերը: Վարդենիսցիները սիրով ու ակնածանքով դիմավորեցին ու ճանապարհեցին ուխտագնացին»,- ներկայացրեց Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սոցիալական աջակցության բաժնի վարիչ Կարինե Ասատրյանը: