Ես Վանգան չեմ,որ հոտ քաշելով ասեմ՝ սննդամթերքը վտանգավոր է, թե՝ ոչ. Դավիթ Պիպոյան (տեսանյութ)


Ես Վանգան չեմ,որ հոտ քաշելով ասեմ՝ սննդամթերքը վտանգավոր է, թե՝ ոչ. Դավիթ Պիպոյան (տեսանյութ)
Նոյեմբեր 12 16:46 2018

2018 թվականին սննդի անվտանգության ոլորտում որևէ հետազոտություն չի իրականացվել, որի համար նախատեսվել էր 90 միլիոն դրամ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը։

«2018 թվականին հաստատված էր կենդանական և բուսական ծագում ունեցող նյութերում մոնիթորինգի համար մոտ 90 մլն դրամի ֆինանսավորում։ Մենք բոլորս ուրախացանք այս ֆինանսավորման համար, բայց եղավ ֆորս-մաժորային իրավիճակ՝ հեղափոխություն։ Մենք նպատակ ունեինք հասկանալ մարզերում այդ սեզոնին թունաքիմիկատների ազդեցությունը, սակայն արդեն անիմաստ էր ինչ-որ բան ուշացած անել»,-ասաց նա։

Դավիթ Պիպոյանի խոսքով՝ իրենք նպատակահարմար չգտան այլևս հետազոտություն անել, քանի որ անիմաստ և ոչ նպատակային էին ծախսելու ֆինանսավորումը։

Դավիթ Պիպոյանը նշեց, որ նախատեսված էր նաև հանրապետությունում առաջին անգամ անցկացնել պտուղ–բանջարեղենի գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների մոնիթորինգ։

«Արդյունքում այդ աշխատանքները չիրականացվեցին և ևս մեկ տարի չունեցանք պատկեր, և լիահույս եմ, որ այս տարվա չհատկացված միջոցները չեն խանգարի, որ 2019 և 2020 թվականներին այս աշխատանքներն իրականացվեն։ Պետք է շեշտեմ, որ իրականում Դավիթ Պիպոյանը մասնագետ է, ոչ թե Վանգա և չի կարող եղունգից հոտ քաշել և ասել՝ այս սննդամթերքը պարունակում է հակաբիոտիկ, մյուսը թունաքիմիկատ և ծանր մետաղ։ Նախկինում երևի չէին պատկերացնում, որ իմ ամեն մի ռեպորտաժն արժենում էր 50-60 հազար դոլարի փորձարկում։ Մենք այդ հետազոտություններն իրականացնում էինք դրամաշնորհների միջոցով, որոնք, ցավոք սրտի, վերջացան։ Իսկ գիտության ֆինանսավորումը կրճատումից հետո տարեկան մեկ հետազոտությունից ավելի հնարավոր չէ իրականացնել»,– ասաց Պիպոյանը։