Հայկ Մարությանը Էնդրյու Փարսոնի հետ քննարկել է Երևանում պարալիմպիկ սպորտի կենտրոն կառուցելու հարցը


Հայկ Մարությանը Էնդրյու Փարսոնի հետ քննարկել է Երևանում պարալիմպիկ սպորտի կենտրոն կառուցելու հարցը
Նոյեմբեր 12 19:09 2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ կարևորում է պարասպորտի կենտրոնների զարգացումը մայրաքաղաքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնից, քաղաքապետը ցավով նշել է, որ մինչ այժմ Երևանի չորս տասնյակից ավելի մարզական դպրոցներից ընդամենը երկուսն են, որ շատ թե քիչ հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նա տեղեկացրել է նաև, որ 2019-ի սկզբից Երևանի դպրոցներն անցնելու են ներառական կրթության, և այս համատեքստում հնարավոր կլինի ավելի մեծ ուշադրություն դարձնել պարասպորտին:

Զրուցակիցները համաձայնության են եկել՝ սկսելու Երևանում պարալիմպիկ սպորտի կենտրոն կառուցելու գործում աշխատանքները՝ ներգրավելով միջազգային և տեղական դոնորների  միջոցները: Քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նաև մասնակցություն ցուցաբերելու երևանյան դպրոցների ծրագրերում ներառական սպորտի դասընթացները ներգրավելու հարցում: