Դավիթ Տոնոյանը մանրամասներ ներկայացրեց ավտովթարից 4 զինծառայողների զոհվելու դեպքի ու ՊՆ ավտոպարկի վերաբերյալ


Դավիթ Տոնոյանը մանրամասներ ներկայացրեց ավտովթարից 4 զինծառայողների զոհվելու դեպքի ու ՊՆ ավտոպարկի վերաբերյալ
Նոյեմբեր 12 18:40 2018

Գորիս-Որոտան ավտոճանապարհին նոյեմբերի 7-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 4 զինծառայողների զոհվելու գործով ծառայողական քննությունն ընթացքի մեջ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

 

«Ինձ համար սա մեծ ողբերգություն է: Սա ողբերգություն է ոչ միայն ՊՆ-ի ղեկավար կազմի, այլև անմիջապես հրամանատարների ու նրանց զինակիցների համար: Ինչ է պատահել՝ նախաքննության արդյունքներով պարզ կլինի: Ծառայողական քննությունն իրականացվում է արդեն 5-6-րդ օրը, որի հիման վրա ՊՆ-ն կարող է որոշումներ կայացնել, բայց նախաքննության արդյունքները կլինեն վերջնական»,- ասաց Տոնոյանը:

 

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ մեքենայի վարորդը լավագույններից մեկն էր:

 

«Հարցեր են առաջանում՝ ինչու են ժամկետայինները վարում մեքենաները: Նրանք անցնում են համապատասխան պատրաստություն: Լավագույններից մեկն է զոհվել: Թվաքանակը մեր մեքենաների և հնարավորինս պայմանագրայիններին ներգրավվելու մեքենավարմանը, անհամաչափ է: Ժամկետայիններով մենք կարողանում ենք խնդիրը լուծել, քանի որ կա վարձատրության խնդիր»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

 

Դավիթ Տոնոյանը նաև ընգծեց, որ մեքենաների ավտոպարկը փոփոխվում է ըստ հնարավորությունների և նպատակահարմարության: