Վթար Մասիս քաղաքում․ կան տուժածներ


Վթար Մասիս քաղաքում․ կան տուժածներ
Նոյեմբեր 12 08:55 2018

Նոյեմբերի 12-ին`ժամը 01:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ հիվանդանոցի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հերացու և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» մակնիշի և «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել):

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, Ն. Մ.-ն (ծնված 1990 թ.), Գ. Գ.-ն (ծնված 1992 թ.) և Գ. Ք.-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Ն. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: