Կոռուպցիայի դեմ պայքարի հռչակված արշավը կրում է ցուցադրական բնույթ. ՀՀԿ


Կոռուպցիայի դեմ պայքարի հռչակված արշավը կրում է ցուցադրական բնույթ. ՀՀԿ
Նոյեմբեր 12 12:44 2018

Հանրապետական կուսակցությունն իր հայտարարության նախագծում առանձին բաժնով անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանին ու ներկայացրել կուսակցության տեսակետը կառավարության գործունեության, նրա կատարած սխալների ու չարդարացված հույսերի վերաբերյալ։ Դրանց մեջ թվարկվում են գնաճը, աշխատավարձերի ու թոշակների չբարձրանալը և այլ հարցեր։

«Տնտեսավարողների նկատմամբ դրսևորվում է կանխակալ, թշնամական վերաբերմունք: Գործարարներն ապրիորի դիտվում են որպես հանցագործներ … Պետական մարմինների կամայական որոշումների և անգործության հետևանքով Հայաստանում ներդրում կատարած մի շարք ընկերություններ կրում են վնասներ, որոնք ժամանակի ընթացքում, ըստ երևութին, կներկայացվեն որպես պահանջ Հայաստանի Հանրապետությանը», – նշվում է հայտարարության տեքստում։

Հայտարարության մեջ նշվում է, որ իշխանությունը փորձում է ձախողումները թաքցնել թվերի անկանոն ու մասնակի օգտագործման միջոցով, վիճակագրական տվյալների շահարկմամբ, փորձառու կադրերը հեռացվում են, իսկ նորերին նշանակելիս կառավարությունը հաշվի է առնում ոչ թե նրանց արհեստավարժությունը, այլ նվիրվածությունը։

«Կոռուպցիայի դեմ պայքարի հռչակված արշավը կրում է ցուցադրական բնույթ` դառնալով ընտրովի արդարադատության, քաղաքական հաշվեհարդարների գործիք: Հաջողության կեղծ պատկերն ամրագրելու համար վարչապետը պարբերաբար ամպագոռգոռ հայտարարություններ է անում երկրում կոռուպցիան վերացված լինելու, օլիգարխիան արմատախիլ արված լինելու մասին», – նշվում է փաստաթղթում։

Նախագծում հիշատակվում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, որև դիտարկվում է որպես արտաքին քաղաքականության կոպտագույն բացթողումներից ամենաակնհայտը։

«Անհամեմատ ավելի լուրջ հետևանքների հիմքերն արդեն իսկ դրված են»,– այս բառերով եզրափակվում է կառավարության բացթողումները մատնանշող բաժինը։