Լաս Վեգասի ինքնատիպ հայ համայնքը. Ի՞նչ փոխեց Քրք Քրքորյանը այս քաղաքում


Լաս Վեգասի ինքնատիպ հայ համայնքը. Ի՞նչ փոխեց Քրք Քրքորյանը այս քաղաքում
Նոյեմբեր 11 15:00 2018

«Հայերը Լաս Վեգասում հաստատվել են ավելի քան 100 տարի առաջ», - Լաս Վեգասի բնակիչ, իսկ 2015-ից նաեւ կամավոր հիմունքներով աշխատող Հայաստանի պատվավոր հյուպատոս Անդրուշան Արմենյանի խոսքով, քաղաքի հայ համայնքը Լաս Վեգասի նման ինքնատիպ է եւ յուրօրինակ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Ունենք մի քանի շատ հաջող հայկական ճաշարաններ, տասնյակ հայ բժիշկներ, հայ փաստաբաններ, հայեր, որոնք խաղատներում են աշխատում»

Աշխարհի զվարճանքների կենտրոնի անունն ամուր կապված է հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի անվան հետ, մի մարդու, ում կարելի է անվանել մեր օրերի Լաս Վեգասի հիմնադիրներից մեկը, մարդու, ով Վեգասը խաղատների մայրաքաղաքից վերափոխեց ընտանեկան ժամանցի կենտրոնի:

Շուրջ 15-հազարանոց Լաս Վեգասի հայ համայնքում գործում են հայկական եկեղեցիներ, իսկ երեք տարի առաջ համայնքի ուժերով բացվել է Հայոց ցեղասպանության հիշատակի հուշարձան: Եկեղեցում նաեւ սովորում են հայերեն եւ աստվածաշնչի դասեր վերցնում, պատմում է Սբ Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիվ Հայր Վահան Կոստանյանը:

Նրա խոսքով, Լաս Վեգասում եկեղեցու առաջնորդ լինելը չի տարբերվում այլ տեղերից.

«Լաս Վեգաս ասելիս, կարծում են, որ միայն խաղատներ են, սակայն, այդ խաղատները միայն մեկ փողոցի վրա են: Մնացյալն ամերիկյան սովորական քաղաք է»:

Լաս Վեգասում հանդիպեցինք նաեւ տեղի բնակչի, ով որոշել է ընդմիշտ Հայաստան տեղափոխվել: Այստեղի տունն արդեն վաճառել է, եւ մոտ ժամանակներում նախատեսում է տուն գնել Հայաստանում:

2015-ին այստեղ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը նույնպես յուրօրինակ է: Առաջինն՝ այն կառուցված է քաղաքի հանրային պուրակում: Հուշարձանի կառուցումը վավերացնող իր որոշման մեջ Լաս Վեգասի քաղաքային խորհուրդն ընդգծել է, որ այն նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այսպիսով ուղղակի ճանաչելով ցեղասպանության փաստը: Լաս Վեգասի հայ-ամերիկյան մշակութային միության ներկայացուցիչ Արմեն Անուշյանի խոսքով, հուշարձանի կառուցման համար անհրաժեշտ գումարը եւ փաստաթղթերը հավաքել են շուրջ մեկ տասնամյակ: Լեւոն Գուլբենկյանը, ով գծագրել է հուշարձանը Ծիծեռնակաբերդի համալիրի ոճով՝ որպեսզի յուրաքանչյուր հայ հեռվից այն ճանաչի, նշում է, որ այն կառուցված է քաղաքի խոշորագույն հանրային պուրակում.

«Հայերին այս հուշարձանն անշուշտ միավորեց՝ հիմնական տեղը դարձավ ապրիլի 24-ին հավաքվելու»:

Լաս Վեգասի հայ համայնքը սիրում է ոչ միայն աշխատել այլեւ՝ վայելել կյանքը: Չմոռանալով, որ ծխելը վնաս է առողջությանը, նշենք, որ այստեղ գտնվող խոշորագույն սիգարների խանութը պատկանում է նույնպես հայերին: Այն վերջերս է բացել Հրաչ Արթինյանն իր ավագ եղբոր հետ միասին.

«Իմ երազանքն էր ունենալ անձնական սիգարների խանութը, որտեղ մարդիկ գան, ինչպես երեխան է գնում քաղցրավենիքների խանութ»:

Արթինյանը համոզված է՝ հայրենասիրությունը պետք է արտահայտվի ամեն ինչում, նույնիսկ՝ բիզնեսում: Այդ պատճառով հայերի արտադրության սիգարներն առավել երեւացող տեղում է տեղադրում.

«Առաջին քայլը, որ հյուրը անի, երբ ներս գա, առաջին սիգարը որ տեսնի՝ իմ հայերի սիգարն է»:

Լաս Վեգասը ոչ միայն զգալի հայ համայնք ունեցող, այլեւ՝ բազմաթիվ հայերի հյուրընկալող քաղաք է, հիշեցնում է Անդրուշան Արմենյանը, կատակելով՝ Երեւանից հետո ամենամեծ թվով հայեր հուրընկալող քաղաքը Լաս Վեգասն է, որտեղ Լոս Անջելեսից յուրաքանչյուր շաբաթվա վերջ ժամանում են հազարավոր հայեր: